Մատչելիության հղումներ

Հանրապետական կուսակցությունը ընտրություններում կստանա ամենաշատ ձայները` նրա օգտին կքվեարկեն ընտրատեղամասեր եկող ընտրողների 28,6 տոկոսը, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը զիջել է դիրքերը եւ հայտնվել երկրորդ հորիզոնականում` 26,4 տոկոս: Ապրիլի 21-ի դրությամբ այսպիսին են «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի` Երեւանում անցկացրած հետազոտության արդյունքները, որոնք այսօր կայացած ասուլիսի ժամանակ հրապարակեց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Երկու կուսակցությունների վարկանիշը վերջին մեկ շաբաթում մի քանի տոկոսով նվազել է` նախկինում այն կազմում էր մոտ 30-ական տոկոս:

«Բարգավաճ Հայաստան»-ի շուրջ էյֆորիան արդեն անցնում է. եթե կուսակցությունն ի սկզբանե ուներ 70 տոկոս վստահության ռեսուրս, հիմա իջել է 50-ի, կարող է մինչեւ 30 էլ հասնել», - նշեց Ադիբեկյանը: - «Մենք ֆիքսել ենք` անկումը կա, գիտենք` պատճառները որոնք են: Աչալուրջ մարդիկ, որոնք ունեն բարձր կրթական մակարդակ, հասկանում են պրոցեսները, հասկանում են, որ «Բարգավաճ Հայաստան»-ի մոտ պոպուլիստական կարգախոսները շատ են, խոստումները բավականին մեծ են»:

Այնուհանդերձ, այս երկու կուսակցությունները, ըստ Ադիբեկյանի, արդեն ունեն հստակ կայուն ընտրազանգված, եւ մի քանի տոկոս տատանումը մեծ դեր չի խաղա` ընտրությանը մասնակցողների կեսը նրանց է սատարում:

5 տոկոսի սահմանը, սոցիոլոգի վկայությամբ, կհատեն «Օրինաց երկիր»-ը, «Ժառանգություն»-ը, Դաշնակցությունը, «Ազգային միաբանություն»-ը, սակայն տոկոսների վերին շեմը դեռ հստակ չէ. - «Նրանք բոլորը նույն չկողմնորոշված ընտրազանգվածի վրա են աշխատում եւ փորձում են գրավել իրենց կողմը, կամ էլ իրարից են ձայն «փախցնում», դրա համար էլ վարկանիշն անընդհատ տատանվում է` «Ժառանգություն»-ը մեկ էլ թռչում է 3-ից 8 տոկոս, «Օրինաց երկիր»-ը 6-9-ից կարող է հանկարծ հասնել 11-12 տոկոսի, «Ազգային միաբանություն»-ը 9-ից իջնում է 6: Տատանումները շատ լուրջ են, բայց ոմանց համար կարող են ողբերգական լինել»:

«Դաշինք»-ը եւ Ժողովրդական կուսակցությունը, Ադիբեկյանի խոսքերով, հնարավոր է, մոտենան 5 տոկոսին, իսկ կհաղթահարեն, թե ոչ` նա դժվարացավ ասել, որովհետեւ նրանց վարկանիշը անընդհատ տատանվում է:

Սոցիոլոգը հայտնեց, որ ապրիլի 14-ի տվյալների համեմատ` Երեւանում ակնհայտորեն աճել է «Ժառանգություն» կուսակցության վարկանիշը` 7 տոկոսից հասնելով 8-ի, «Օրինաց երկիր»-ինը, գրեթե կրկնակի` «Դաշինք»-ինը, Ժողովրդական կուսակցությանը, Հայաստանի ժողովրդական կուսակցությանը: Նվազել է Դաշնակցության եւ «Ազգային միաբանության» վարկանիշը:

Հարցմանը մասնակցած երեւանցիների 56 տոկոսն է ցանկություն հայտնել մասնակցել ընտրություններին, ընդամենը 15 տոկոսն է չկողմնորոշված` ի տարբերություն մարզերի, որտեղ, ըստ Ահարոն Ադիբեկյանի, շուրջ 36 տոկոսը դեռ կողմնորոշված չէ. - «Կամ չգիտեն` ում են ընտրելու, կամ ընտրակաշառքի են սպասում»: Երեւանցիների եւ մարզերի բնակիչների կարծիքը եւ վերաբերմունքը մյուս հարցերում, համաձայն հետազոտության արդյունքների, ըստ էության, չի տարբերվում:

Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Հանրապետական կուսակցության օգտին առավելապես կքվեարկեն պետական ծառայողները, «Բարգավաճ Հայաստան»-ի ընտրազանգվածն առավելապես գործազուրկներն ու թոշակառուներն են: Բարձրագույն կրթությամբ ընտրողների ամենամեծ զանգվածն ունեն Դաշնակցությունը` 58 տոկոս, «Ժառանգություն»-ը` 42 տոկոս եւ Հանրապետականը` 40 տոկոս: Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին, «Ազգային միաբանության»-ը եւ «Օրինաց երկիր»-ին առավելապես սատարում են միջնակարգ կրթությամբ ընտրողները:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG