Մատչելիության հղումներ

Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին Ներկայացուցիչների պալատի` չորեքշաբթի օրն ընդունած որոշումից մեկ օր անց նույնպիսի որոշում կայացրեց նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը` Սենատը:

Այնուհանդերձ, ձայների 51:46 հարաբերակցությունը ցույց է տալիս, որ պատերազմի դեմ հանդես եկող կոնգրեսականների ձայները բավարար չեն նախագահ Ջորջ Բուշի հնարավոր վետոն հաղթահարելու համար:

Բուշը բազմիցս է կրկնել, որ օգտվելու է վետոյի իր իրավունքից:

Բանաձեւի ընդունմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ դեմոկրատները Բուշին կոչ են արել վետո չկիրառել` վստահեցնելով, թե այս բանաձեւը նախագահին վերջապես «Իրաքից ելքի ռազմավարության հնարավորություն» է ընձեռում:

«Բանաձեւը արտահայտում է Ամերիկայի ժողովրդի կամքը», - հայտարարել է Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը:

Ինչպես եւ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը, Սենատի բանաձեւը նախատեսում է 124 միլիարդ դոլարի հատկացումներ Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմը շարունակելու համար` 34 միլիարդով ավելի, քան նախատեսված էր, սակայն` այս տարվա հոկտեմբերից 6 ամսվա ընթացքում ամերիկյան զորքերը Իրաքից դուրս բերելու պայմանով:

Բանաձեւը Բուշի սեղանին կդրվի մայիսի 1-ին, երբ լրանում է Իրաքում ամերիկյան ուժերի առաքելությունը ավարտված համարելու մասին «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա ԱՄՆ-ի նախագահի ելույթի 4-րդ տարին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG