Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում աջակցել «Դաշինք» կուսակցությանը


«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող եւ «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության օգտին:

Հայաստանում սահմանադրական կարգը փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով անցած տարվա դեկտեմբերից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի` «Երեւան - Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. - «Կոչ եմ անում մեր ժողովրդին, առողջ քաղաքական ուժերին, իմ ընկերներին ու համախոհներին, որոնք մտահոգ են Արցախի ու Ջավախքի ապագայով, համախմբվել այն ուժի շուրջ, որի ղեկավարը հանդիսանում է հայրենի տարածքների ազատագրման ու պահպանման գլխավոր կազմակերպիչը, աջակցել «Դաշինք» կուսակցությանը եւ նրա առաջնորդ Սամվել Բաբայանին, որն ազատագրական պայքարի ամենադժվարին օրերին հանդգնեց ստանձնել բանակի հրամանատարության պատասխանատվությունը»:

Սեֆիլյանի համոզմամբ, «Հայաստանի քաղաքական դաշտում որքան մեծ լինի Սամվել Բաբայանի եւ նրա ստեղծած քաղաքական միավորի ներկայության չափը, այնքան մեր բոլորի համար հեշտ է լինելու հերթական անգամ վիժեցնել մայիսի 12-ից հետո սպասվող դավադիր ծրագրերը»:

Սամվել Բաբայանը օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պնդել էր, որ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալել են իր հետ համագործակցելու պատճառով:

«Ես համոզված եմ, որ Սեֆիլյանի համագործակցությունը ինձ հետ հանգեցրել է նրա ձերբակալությանը»,- - ասել էր Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG