Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում Կենտրոն համայնքի բնակիչների, թաղապետարանի աշխատողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին:

«Կոռուպցիան այն չարիքն է, որի դեմ ավելի լավ է պայքարել, քան խոսել», - պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, ասաց Սարգսյանը` փաստարկելով. - «Որովհետեւ ինչքան շատ ես խոսում, այնքան շատ սխալներ ես թույլ տալիս»:

«Կոռուպցիայի նվազումը շոշափելի չէ, որովհետեւ շատ-շատերը մոռացել են դրա բաղկացուցիչ մասի` PR-ի մասին: Մոռացել են, որ կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է նաեւ պատժել», - շարունակեց վարչապետը: - «Այ եթե մենք պարբերաբար լսենք` երկու ամիսը մեկ, երեք ամիսը մեկ, կամ միգուցե ամեն շաբաթ, որ որեւէ պետական պաշտոնյա ձերբակալվի կամ պաշտոնատար անձ... այն ժամանակ, կարծում եմ, ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Վարչապետը, խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների մասին, հնչեցրեց իր մասնավոր կարծիքը. - «Հայաստանում պրոբլեմը նա չէ, որ նախարարը կաշառակերությամբ է զբաղվում: Հայաստանում պրոբլեմը նա է, որ բոլորն են զբաղվում` փոքր չինովնիկները: Եվ ժողովուրդը ամեն օր շփվում է այդ մարդկանց հետ: Սա է կարեւորը»:

Սերժ Սարգսյանը ասաց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց գրեթե անմիջապես հետո արդեն հանդիպել է Կենտրոնի իրացված տարածքների նախկին բնակիչների հետ եւ խոստացել խորհրդարանական ընտրություններից հետո ավելի մանրամասնորեն ուսումնասիրել խնդիրը եւ գտնել լուծումներ. - «Մեզ պետք է ճկուն մի համակարգ, որպեսզի Երեւանի բնականոն զարգացումը չլինի բնակիչներին անհարմարություն, իսկ որոշ դեպքերում` նաեւ դժբախտություն պատճառելու հաշվին»:

Սերժ Սարգսյանի ենթադրությամբ, այդ մեխանիզմը կարող է լինել հետեւյալը. -«Ունենալ նախօրոք բազմակողմանիորեն քննարկված եւ հաստատված նախագիծ, ունենալ որոշում այն մասին, որ կառուցապատողը, բնակչի ցանկությամբ, նրան բնակարան տրամադրի նույն թաղամասում: Կամ [կառուցապատողը] կարող է սկսել նոսր բնակեցված տարածքի կառուցապատում եւ այդտեղից բնակարան առաջարկել բնակչին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG