Մատչելիության հղումներ

Վաղը կմեկնարկեն «Համատեղ ձգտում – 2007» զորավարժությունները


Ապրիլի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարարության Մարշալ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում տեղի կունենա ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում – 2007» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը եւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:

«ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իրականացվող «Համատեղ ձգտում – 2007» զորավարժությունների նպատակն է փորձարկել, նույնացնել եւ փաստաթղթերով հիմնավորել հաղորդակցման միացյալ բազմազգ ռազմավարական եւ մարտավարական համակարգերի փոխգործակցությունը», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանի տարածած հաղորդագրությունում: - «Յուրաքանչյուր տարի տարբեր ազգերից մոտ 1000 մասնակիցներ են հավաքվում Գերմանիայի Բաումհոլդեր քաղաքում իրականացվող զորավարժությունների գլխավոր օպերացիոն խմբում, որն աշխատում է ազգային պատվիրակությունների` առաջնային գոտում տեղակայված փոքրիկ խմբերի հետ` նպատակ ունենալով ամրապնդել հաղորդակցումը տեղակայման վայրերի միջեւ: Այս տարի Հայաստանը, որպես առաջնային օպերացիոն գոտի, հյուրընկալում է Խորվաթիայի, Ֆրանսիայի, Ռւուսաստանի, Վրաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակություններին` զորավարժությունների իրականացման կենտրոն դարձնելով ռազմաավիացիոն ինստիտուտը»:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Հայաստանն ընդգրկված է Գլխավոր խմբում, որտեղ հայկական կողմը հանդես է գալիս 15 հոգուց բաղկացած պատվիրակությամբ: «Համատեղ ձգտում – 2007» զորավարժություններին հայկական անձնակազմը, ընդհանուր առմամբ, մասնակցում է 29 հոգով, որոնք անմիջականորեն ընդգրկված են գլխավոր եւ առաջնային օպերացիոն խմբերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG