Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտի զեկույցում վերականգնվել է Ղարաբաղի վերաբերյալ սկզբնական ձեւակերպումը


Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցում երեկ նորից փոփոխվել է Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումը եւ վերականգնվել է սկզբնականը` «Հայաստանը շարունակում է Lեռնային Ղարաբաղի ադրբեջանական տարածքի եւ հարակից յոթ շրջանների օկուպացիան»:

Մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի 2006 թվականի զեկույցի` Հայաստանին նվիրված բաժնում Ղարաբաղին վերաբերող հատվածն արդեն երկրորդ անգամ է փոփոխվում:

Առաջին ձեւակերպումը անցած շաբաթվա վերջին վերախմբագրվել էր եւ ստացել հետեւյալ տեսքը. - «Հայկական ուժերը օկուպացրել են Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքի մեծ հատվածներ: Հայ պաշտոնյաները պնդում են, որ իրենք չեն օկուպացրել բուն Lեռնային Ղարաբաղը»:

Պաշտոնական Բաքուն անմիջապես արձագանքեց փոփոխությանը` հետաձգելով ադրբեջանական բարձրաստիճան պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ, որը Վաշինգտոնում պետք է մասնակցեր երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունների:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը զգուշացրել էր, թե այս հարցը կարող է լրջորեն խոչընդոտել անվտանգության հարցերով երկու երկրների համագործակցությունը: «Կատարված փոփոխությունը խեղաթյուրում է Ղարաբաղի հարցով հայ - ադրբեջանական հակամարտության էությունը եւ կասկածի տակ է դնում Միացյալ Նահանգների միջնորդության անկողմնակալությունը», - ասել էր նա:

ԱՄՆ-ի պետքարտուղար տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան շաբաթվա սկզբին «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր. - «Մենք ընդունել եւ ուղղել ենք մեր սխալը: Մենք չենք կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող բանակցությունների ընթացքը»:

Այնուհանդերձ, այդ հայտարարությունից ընդամենը մեկ օր անց վերականգնվեց նախկին ձեւակերպումը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր «ուրախալի փաստ» է որակել Պետդեպարտամենտի զեկույցում Ղարաբաղին առնչվող սկզբնական ձեւակերպման վերականգնումը:

«Այդ փոփոխությունը ինձ համար շատ կարեւոր նորություն է: Դա, իրոք, շատ կարեւոր է, քանի որ, եթե ելնենք տրամաբանությունից, արդեն հրապարակված զեկույցը փոփոխել չի կարելի», - ասել է Մամեդյարովը` հավելելով, թե պատրաստի զեկույցի վերափոխումը կարող էր «անցանկալի նախադեպ» դառնալ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, իր հերթին, կարծիք հայտնեց, որ զեկույցի ձեւակերպումը կրկին կփոխվի:

«Այս հարցում անլուրջ մոտեցումը երեւաց առաջին օրվանից, եւ նման անլուրջ մոտեցումը շարունակվում է: Ակնհայտ է, որ զեկույցի առաջին փոփոխությամբ եւ այնուհետեւ դրան հաջորդած հրապարակային հայտարարություններով նրանք ճանաչեցին իրենց սխալը», - շեշտեց Հայաստանի արտգործնախարարության խոսակը` վկայակոչելով, մասնավորապես, «ԱզերԹաջ»-ին Բրայզայի տված հարցազրույցը, որտեղ նա «միանշանակորեն խոսում է սխալի մասին»:

«Հիմնվելով նման հայտարարությունների վրա` մենք վստահ ենք, որ նման սխալը չի կարող կրկնվել եւ մնալ այլ փաստաթղթերում», - հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը:

Պետդեպարտամենտը, մինչդեռ, այսօր հերքեց, թե նշված ձեւակերպումը վերականգնվել է Ադրբեջանի ճնշման արդյունքում: «Մենք ճնշման տակ ոչինչ չենք արել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Ասիայի բյուրոյի ներկայացուցիչը: - « Մենք սխալ ենք գործել, որի պատճառով սկսվել է այս ամենը: Մենք փորձել ենք ճշգրտել խրթին լեզուն, որը հանգեցրել էր շփոթության մեր վարած քաղաքականության առումով: Մեր քաղաքականությունը չի փոխվել, եւ մենք պետք է հարազատ մնանք Մարդու իրավունքների զեկույցի նախնական տարբերակին»:

«Շատ կարեւոր է բոլորի համար շեշտադրել, որ Lեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել: Բոլորը պետք է սա մտապահեն, սա է կարեւոր հանգամանքը, իսկ սխալների հարցում պետք չէ ոգեւորություն ցուցաբերել», - շեշտեց Պետդեպարտամենտի պաշտոնյան, որը չցանկացավ հրապարակել իր անունը: - «Էականն այն է, որ Lեռնային Ղարաբաղի հարցով մեր քաղաքականության մեջ փոփոխություն չկա. մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց նաեւ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կողմերի միջեւ բանակցությունների առարկա է: Սա է իմ ուղերձը»:



Հրաչ Մելքումյան, Պրահա եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG