Մատչելիության հղումներ

Բրիտանական դեսպանատունը «անհանգստացած եւ հիասթափված է»


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը «անհանգստացած եւ հիասթափված է դեսպանատան պաշտոնյայի եւ ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից մեկի միջեւ տեղի ունեցած զրույցի գաղտնալսման եւ վերջերս մամուլում դրա ձայնագրության որոշ մասերի հրապարակման հանգամանքով»:

Միաժամանակ, այսօր տարածած հաղորդագրությունում դեսպանատունը ձեռնպահ է մնում «զրույցի մեծ խեղաթյուրումը» հանգամանորեն մեկնաբանելուց` ընդգծելով, որ «դրա մանրամասները թերեւս ձեռք են բերվել անազնիվ եւ անհարիր եղանակով»:

«ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի, դիվանագիտական հանրության եւ այլոց հետ մեկտեղ դեսպանատունը հետաքրքրված է մայիսի 12-ին տեսնել միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Այս համատեքստում, դեսպանատունը պահպանում է լայնածավալ կապեր եւ շփումներ Հայաստանի քաղաքական դաշտում գործող կառույցների եւ անհատների հետ` քաղաքական կարծիքի բոլոր երանգներին ծանոթ լինելու համար», - ասված է հաղորդագրությունում: - «Սա մեզ հնարավորություն է տալիս հնարավորինս համապարփակ եւ օբյեկտիվ կարծիք կազմել քաղաքական գործընթացի մասին եւ համապատասխանում է աշխարհում ցանկացած դեսպանատան բնականոն եւ ընդունված գործելակերպին»:

«Որպես Եվրամիության անդամ պետություն, մենք լիովին աջակցում ենք ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների պլանի շրջանակներում ստանձնված պարտավորությունը` միասին աշխատելու ժողովրդավարական կառույցներն ուժեղացնելու եւ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու ուղղությամբ, եւ մենք ողջունում ենք մինչ այժմ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները», - հայտարարում է բրիտանական դեսպանատունը:

«Այս համատեքստում, մեր նպատակն է մնում անել ինչ կարող ենք` աջակցելու եւ խթանելու երկրում ժողովրդավարական կառույցների եւ գործընթացների արդյունավետությունը», - վստահեցնում է դեսպանատունը` ամփոփելով. - «Մեր գործը չէ, երբեք չի եղել եւ չի կարող լինել որեւէ քաղաքական կուսակցության ծրագրին աջակցելը»:

Անցած շաբաթ օրը եւ այսօր «Գոլոս Արմենիի» թերթը հատվածներ է հրապարակել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի` այս տարվա փետրվարին Երեւանի «Մարկո Պոլո» ռեստորանում կայացած զրույցի ձայնագրությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG