Մատչելիության հղումներ

«Մամուլի ազատությունը Հայաստանում սահմանափակված է»


Չնայած մարդու իրավունքների բնագավառում գրանցած որոշ բարելավումներին` մամուլի ազատությունը Հայաստանում սահմանափակված է, անկախ մամուլը գտնվում է ճնշման ներքո, հեռարձակվող մամուլն իշխանամետ է: Այս մասին ասված է Վիեննայում գործող Մամուլի միջազգային ինստիտուտի զեկույցի` Հայաստանին վերաբերող բաժնում:

Զեկույցում նշվում է, որ 2006 թվականին «Ա1+»-ի հեռարձակման լիցենզիան վերստին մերժվել է. 2002 թվականին եթերից զրկվելուց հետո այդ հեռուստաընկերությունը 11 անգամ դիմել է լիցենզիա ստանալու համար եւ ամեն անգամ մերժում է ստացել:

«Տպագիր մամուլը Հայաստանում ավելի բազմազան է, սակայն թերթերն ունեն ֆինանսական եւ տնտեսական խնդիրներ», - նշում է Մամուլի միջազգային ինստիտուտը:

«Ժամանակ Երեւան» անկախ պարբերականի խմբագիր Արման Բաբաջանյանին զինծառայությունից խուսափելու մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտելու վճռի վերաբերյալ զեկույցում ասված է, որ մի շարք թերթեր եւ իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտել են այդ փաստը` պնդելով, թե լրագրողին ներկայացված մեղադրանքների հիմքում քաղաքական շարժառիթներ են, եւ «իշխանությունները վրեժ են լուծել Բաբաջանյանից` «Ժամանակ Երեւան»-ում կառավարությանը քննադատող նյութեր հրապարակելու համար»: Բաբաջանյանն էլ «ասել է, որ իր ձերբակալության նպատակն է լռեցնել անկախ մամուլը, որը չի վախենում քննադատել իշխանություններին»:

Ինստիտուտը փաստել է, որ 2006 թվականը «ամենավայրագ եւ դաժան տարին էր լրագրողների համար». անցած տարի աշխարհում սպանվել է 100֊-ից ավելի լրագրող:

Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը Իրաքն էր՝ այնտեղ սպանվել է 46 լրագրող:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG