Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահության ամենահավանական թեկնածուն Աբդուլա Գյուլն է


Այսօր Թուրքիայում ավարտվում է նախագահության թեկնածուների առաջադրման ժամկետը: Առայժմ, առաջիկա 7 տարիներին «Չանկայա» պալատը զբաղեցնելու ամենահավանական թեկնածուն իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության ղեկավար անդամ, երկրի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլն է:

Գյուլին առաջադրելու` կուսակցության որոշման մասին երեքշաբթի օրը պաշտոնապես հայտարարեց վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Նախագահության թեկնածուի կարգավիճակում Աբդուլա Գյուլի առաջին հայտարարությունն էր. - «Երկրի նախագահը պարտավոր է հարգանքով վերաբերվել աշխարհիկ կարգերին: Ընտրվելու դեպքում ես հենց այդպես էլ գործելու եմ»:

Նրա այս հավաստիացումներին բարձրաստիճան զինվորականության ու քաղաքական դաշտի քեմալիստական շրջանակներում թերահավատորեն են վերաբերվում` հիշեցնելով, որ Գյուլը հավատացյալ մահմեդական է, իսկ նրա կինը շարունակում է գլխաշոր կրել, ինչը փակում է ապագա առաջին տիկնոջ մուտքը նախագահական պալատ:

Թուրքիայի նախագահին ընտրում է երկրի 550-հոգանոց խորհրդարանը` ձայների երկու երրորդով: Քվեարկության երկու փուլերում ձայների անհրաժեշտ քանակը չստանալու դեպքում թեկնածուն երրորդ փուլում հաստատվում է ձայների պարզ մեծամասնությամբ:

Ընտրությունների գործընթացը կսկսվի ապրիլի 27-ին եւ կավարտվի ամենաուշը մայիսի 9-ին:

Գյուլը ընտրություններում հաղթելու մեծ հնարավորություններ ունի, քանի որ իսլամիստները Թուրքիայի խորհրդարանում ճնշող մեծամասնություն են կազմում: Ընտրվելու դեպքում նա որպես Թուրքիայի 11-րդ նախագահ կսկսի պաշտոնավարել մայիսի 26-ին:

Աբդուլա Գյուլը 57 տարեկան է, ծնվել է Կայսերի քաղաքում, ավարտել է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Ակտիվ քաղաքականության մեջ ընդգրկվել է 90-ականների սկզբին` դառնալով խորհրդարանի պատգամավոր: 1996-98 թվականներին Գյուլը պետնախարարի պաշտոնն էր զբաղեցնում կոալիցիոն կառավարության կազմում: Նորացված իսլամիստական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ստեղծմամբ` Աբդուլա Գյուլը դառնում է դրա առաջնորդներից մեկը: 2002-ի նոյեմբերից մինչեւ 2003 թվականի մարտը Գյուլը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը: Էրդողանի` վարչապետ դառնալուց հետո արդեն չորրորդ տարին է, ինչ Գյուլը ղեկավարում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Նրա պաշտոնավարման օրոք հայ - թուրքական հարաբերություններում լուրջ տեղաշարժեր չեն եղել:

Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն, Գյուլի` նախագահ ընտրվելու դեպքում արտգործնախարարի պաշտոնում նրան կփոխարինի, ամենայն հավանականությամբ, էկոնոմիկայի ներկայիս նախարար Ալի Բաբաջանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG