Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարար է նշանակվել Միխայիլ Հարությունյանը


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապրիլի 24-ի հրամանագրով Միխայիլ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, երկուշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր էր ստորագրել գեներալ-գնդապետ Միխայիլ Հարությունյանին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու եւ զինվորական ծառայությունից արձակելու մասին` իր զեկուցագրի համաձայն:

Գեներալ-գնդապետ Միխայիլ Հարությունյանը ծնվել է 1946 թվականին Ադրբեջանի Շեմախի շրջանի Սագիյան գյուղում: Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը, Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հետախուզական ֆակուլտետը եւ ԽՍՀՄ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

1994 թվականից զբաղեցրել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի` վարչապետ նշանակվելուց հետո դարձել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իր նշանակվելուց հետո բանակում փոփոխություններ լինելո՞ւ են, Միխայիլ Հարությունյանը երեկ պատասխանեց.֊ - «Բանակն այնպիսի երեւույթ է, որ միշտ էլ փոփոխություններ լինում են»:

Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հնարավորության մասին նա ասաց.֊ - «Չկա մի գեներալ, որը չմտածի պրոֆեսիոնալ բանակի մասին: Բայց պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար անհրաժեշտ է, որ տնտեսությունը լավ զարգանա»:

Պաշտպանության նախարարության խոսնակ Սեյրան Շահսուվարյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ըստ նախարարության կանոնադրության՝ գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր մնալու դեպքում այն զբաղեցնում է շտաբի պետի առաջին տեղակալը: Հետեւաբար՝ Միքայել Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո գլխավոր շտաբի պետի պաշտոնը կզբաղեցնի Էնրիկո Ապրիամովը:

Մայիսի 12-֊ի խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը վայր է դնելու իր լիազորությունները:

Ռոբերտ Քոչարյանն այսօր պաշտպանության նախարարությունում բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարարին:

Նախագահն ասել է, որ Միխայիլ Հարությունյանը հայոց բանակի ձեւավորման սկզբնական փուլից մինչ օրս ակտիվորեն ներգրավված է բանակի կայացման ու ամրապնդման գործում: Քոչարյանը նշել է, որ այդ տարիներին նրա ձեռք բերած փորձն ու 40-ամյա զինվորական կենսագրությունը վստահություն են ներշնչում, որ Միխայիլ Հարությունյանի ղեկավարությամբ հաջողությամբ կշարունակվեն բանակի մարտունակության բարձրացման եւ բարեփոխումների գործընթացները:

Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, այն հանգամանքը, որ երկրի նախագահը, վարչապետը եւ նորանշանակ նախարարը բանակի հետ սերտ եւ երկարատեւ առնչություն ունեցած անձինք են, համոզմունք է տալիս, որ բանակը շարունակելու է մնալ պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում. - «Անվտանգության հարցերը երկրի համար գերակայություն են, եւ մեր քաղաքականությունն ուղղված է եւ ուղղված է լինելու բանակի մարտունակության հետագա բարձրացմանը եւ ընդհանրապես անվտանգության հարցերի նկատմամբ հատուկ ուշադրությանը»:

Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Սերժ Սարգսյանին պաշտպանության նախարարի պաշտոնում բանակի ամրապնդման համար կատարած մեծածավալ եւ արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել Միխայիլ Հարությունյանին` իր հետագա գործունեության մեջ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG