Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 24-ը Թուրքիայի հայ համայնքում «լուռ օր» է


«Ապրիլի 24-ը Թուրքիայի հայ համայնքում լուռ օր է», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:

«Ապրիլի 24-ը, դրան նախորդող եւ հաջորդող շրջանները Թուրքիայի հասարակության կողմից չեն ընկալվում որպես այնպիսի շրջան, որում հայկական հարցի լուծման համար պետք է որոնումներ կատարվեն», - նշեց Գոչունյանը: - «Այդ շրջանի տրամադրությունները այնպիսին են, որ հասարակությունը ընդհանրապես ուզում է հասկանալ, թե արտասահմանի, աշխարհի զանազան երկրներում հայոց նախաձեռնությունները ինչպիսի՞ դրսեւորումներ պետք է ունենան, թուրքական կողմը ինչպե՞ս պետք է հակազդի այդ դրսեւորումներին, եւ ընդհանրապես, այս ամենից ինչպե՞ս պետք է զերծ մնա երկիրը: Մոտեցումները, ընկալումները այս առանցքների շուրջ են ընթանում, եւ այս տարի էլ այս առումով մեծ փոփոխություններ չկան ապրիլի 24-ին առնչվող իրադարձությունների շուրջ»:

Նրա խոսքերով, չնայած «հայկական հարցի վերաբերյալ քննարկումները վերջին տարիներին Թուրքիայի հասարակության օրակարգում միշտ առաջնահերթ տեղ են զբաղեցնում, որոշ իմաստներով որոշ մոտեցումներում զգացվում են զանազան փոփոխություններ», սակայն «այս մթնոլորտում փոփոխություն չկա այն իմաստով, որ մանավանդ Թուրքիայի հայ համայնքը, որը չի ցանկանում ընդհանրապես թյուրիմացություններ առաջացնել իր քաղաքացիական պատասխանատվություններին վերաբերող խնդիրների շուրջ, ըստ արդեն արմատացած սովորության որեւէ ձեւով ապրիլի 24-ի վերաբերյալ որեւէ միջոցառում չի ծրագրում, այսինքն` ապրիլի 24-ը համայնքի ներսում լուռ օր է ընդհանրապես»:

Ինչ վերաբերում է այդ մթնոլորտում հնարավոր փոփոխություններին վերջին իրադարձություններից, մասնավորապես` Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած դեպքերից հետո, երբ հարյուր հազարավոր թուրքեր «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայեր ենք» կարգախոսներով դուրս եկան փողոցներ, ապա «Ժամանակ» թերթի խմբագիրը մատնանշեց. - «Մենք պետք է ընդունենք, որ այդ զանգվածը Հրանտ Դինքի սպանության վայրագության դեմ եւ ընդհանրապես նրա սպանվելու դեմ բողոք արտահայտելու համար դուրս եկավ, այսինքն` չի կարելի այլ ձեւով մեկնաբանել կամ այլ իմաստներ վերագրել այդ զանգվածի արտահայտած բողոքին»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG