Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ավելի քան մեկեւկես միլիոն զոհերի հիշատակի օրն է. լրացավ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործադրված եղեռնի 92-ամյակը: Այսօր բազմահազար հայաստանցիներ, արցախահայեր, սփյուռքահայեր եւ օտարերկրյա հյուրեր են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Հայ ժողովրդի հետ այս օրը հիշում եւ ոգեկոչում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Միջազգային հանրությունը գիտակցել է, որ ցեղասպանությունը հանցագործություն է` ուղղված ոչ միայն առանձին ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ. հանցագործություն, որի նախապատրաստումից եւ իրագործումից պակաս վտանգավոր չեն դրա ժխտումն ու քողարկումը», - ասված է, մասնավորապես, Հայաստանի նախագահի ուղերձում:

«Գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առաջ` մենք ոչ միայն պետք է անվարան հետեւողականությամբ հետամուտ լինենք մարդկության պատմության ամենադաժան իրադարձություններից մեկի անվերապահ ճանաչմանը, այլեւ պարտավոր ենք մեր միասնությամբ ու աշխատանքով զորացնելու երկու հայկական պետությունները` որպես զոհերի հիշատակի լավագույն հուշարձան եւ հայրենիքում ու սփյուռքում ապրող մեր հայրենակիցների անվտանգ ու արժանապատիվ կյանքի կարեւորագույն երաշխիք», - իր ուղերձում շեշտում է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:

Վարչապետ Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. - «92 տարի առաջ օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն ծրագրված ու իրագործված այս աննախադեպ ոճիրը չկանխվեց, ժամանակին չճանաչվեց ու չդատապարտվեց, դրանով իսկ ճանապարհ բացելով նման հանցագործությունների կրկնության համար: Հայոց ցեղասպանության դատապարտումը միայ հայության խնդիրը չէ, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է` ուղղված մարդկության դեմ»: Վարչապետը նշում է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից է»:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, այլ պաշտոնյաների ներկայությամբ Ծիծեռնակաբերդում հոգեհանգստի արարողություն կատարվեց արմար կրակի մոտ` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետությամբ:

Քաղաքական ուժերն այսօր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին այցելել հիմնականում իրենց համախոհների հետ միասին, որոնք կրում էին կուսակցական դրոշներ ու Մեծ Եղեռնն իրագործած Թուրքիային դատապարտող պաստառներ: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը դրական գնահատեց Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված պայքարը, եւ այսպիսի տեսակետ հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում. - «Ես կարծում եմ, որ պետք չէ սեւեռվել ոչ էլ շատ ոգեւորվել ճանաչման այս շարանով, որովհետեւ Հայոց Մեծ Եղեռնը, մեր ժողովրդի հայրենազրկումը պատմական իրողությունը է»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին եւ Թուրքիայի մուտքին Եվրամիություն, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, անհնար է, որ Թուրքիան մտնի եվրաընտանիք, քանի դեռ չի համապատասխանել Եվրոպական չափանիշներին եւ քանի դեռ չի նորմալացրել հարաբերությունները հատկապես Հայաստանի հետ:

«Թուրքիայի պետությունը ինքը մի օր կճանաչի եւ հատուցում կառաջարկի` վերահաստատելով ամբողջական հարաբերությունները Հայաստանի հետ», - ասաց նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարարը:

Րաֆֆի Հովհաննիսյանը լավատեսորեն է տրամադրված պատմական իրողության ճանաչման հարցում. - «Քիչ հավանական է, որ նոր անդամը Եվրամիության իր հետ մտցնի չլուծված հակամարտությունների, պատմական ժառանգությունների եւ փակ սահմաններին խնդիրը»:

Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ, Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցն այնքան է միջազգայնացվել որ իսկապես «լուրջ խնդիր է դարձել Թուրքիայի եւ մեծ հնարավորություն Հայաստանի համար»: Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի, որքան շուտ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունն այնքան լավ:

«Մի պետություն չի կարող ինքը իր անցյալը մերժելով ապրի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա` հավելելով, որ հենց Թուրքիայի համար է անհրաժեշտ Ցեղասպանության ճանաչումը: - «Իսկ մեզ համար ճանաչման փաստը նախ արժանապատվության հարց է, պատմական ճշմարտության հարց է: Եվ հետո` մեզ համար Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է»:

Ընդդիմադիր ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցության) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, Թուրքիայի հետ հարաբերություններին անդրադառնալով, ասաց. - «Մենք հանդես ենք գալիս այդ հարաբերությունների նորմալացման գործընթացը սկսելու [օգտին]` առանց նախապայմանների: Սա բնավ չի նշանակում, որ Ցեղասպանության ճանաչման հարցը պետք է դուրս գա մեր օրակարգից»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Արամ Սաֆարյանը ասաց, որ Հայոց Ցեղասպանության դատապարտման եւ միջազգային ճանաչման օգտին հանդես գալը իրենց ծրագրային դրույթն է` այդ գործընթացը համարելով Հայաստանի ազգային անվտանգության երաշխիքներից մեկը. - «Մենք հանդես ենք գալիս հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման օգտին, հայ-թուրքական սահմանի վերաբացման օգտին, եւ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարման հարցը նախապայման չենք համարում»:

Նա համոզմունք հայտնեց, որ Թուրքիան «մի օր ինքը կճանաչի ու կդատապարտի Հայոց Ցեղասպանությունը. - «Ես համոզված եմ, որ այդ օրը գալու է»:

ՀՀԿ-ի ղեկավար անդամներից Գալուստ Սահակյանը նույնպես կարծիք հայտնեց, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը պետք է բացի առանց նախապայմանի. - «Դա եւ քաղաքական տեսակետից ենք գտնում նպատակահարմար, եւ, առավել եւս` տնտեսական. - «Իսկ ընդհանրապես մեր տեսակետը. չենք ժխտում պահանջատիրությունը, բայց գտնում ենք ավելի ճիշտ հայրենատիրությունը: Դա նշանակում է պիտի վճռական լինել, ամրացնել պետությունը»:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 19 երկրներ եւ Եվրախորհրդարանը: Ցեղասպանությունը ճանաչած երկրներից 11-ը Եվրամիության անդամ են:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ամերիկյան 40 նահանգներ: Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծեր են ներկայացված ԱՄՆ-ի Կոնգրեսի զույգ պալատներում:

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը այսօր հանդես կգա ամերիկահայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձով. հայամետ կոնգրեսականները հերթական անգամ կոչ են արել նրան արտասանել «ցեղասպանություն» բառը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն` հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի նախաձեռնությամբ:


Ռուզան Խաչատրյան, Իրինա Հովհաննիսյան եւ Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG