Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հետաձգել է բարձրաստիճան պատվիրակության այցը ԱՄՆ


Ադրբեջանը հետաձգել է բարձրաստիճան պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ` ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպման փոփոխության պատճառով:

Երկօրյա այցի նպատակը անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ բանակցություններն էին` տարբեր նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, ադրբեջանական արտգործնախարարությունը կիրակի օրը հայտարարել է, թե այդ հարցը «կարող է լուրջ խոչընդոտ դառնալ անվտանգության ոլորտում մեր երկրների միջեւ հետագա համագործակցության համար»` ենթադրաբար նկատի ունենալով Իրաքում Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիոն ուժերին սատարելը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, թե զեկույցում կատարված փոփոխությունները «աղավաղում են Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ - ադրբեջանական հակամարտության էությունը եւ կասկածի տակ են դնում հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի դիրքորոշումը` որպես «շիտակ միջնորդի»:

Համաձայն հայտարարության, հակամարտության կարգավորումը` «հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա, Լեռնային Ղարաբաղը` որպես նրա անբաժանելի մաս, անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների հետ համագործակցության առաջնային եւ հիմնական տարրն է»:

Միաժամանակ, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նենսի Բեքը վստահեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Միացյալ Նահանգների դիրքորոշումը չի փոխվել. - «Մեկնաբանությունները, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ մեր քաղաքականությունը փոխվել է, ճիշտ չեն»:

Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքը, իր հերթին, ուրբաթ օրը հայտարարել էր. - «Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կողմերի միջեւ բանակցությունների առարկա է»:

Պետդեպարտամենտը անցած շաբաթ վերանայել է մարդու իրավունքների վերաբերյալ 2006 թվականի իր տարեկան զեկույցում տեղ գտած արտահայտությունը, համաձայն որի` «Հայաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական տարածքի եւ շրջապատող յոթ ադրբեջանական տարածքների օկուպացիան», եւ իր պաշտոնական կայքում տեղադրել է փոփոխված տեքստը, որում ասված է. - «Հայկական ուժերը օկուպացրել են Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքի մեծ հատվածներ: Հայ պաշտոնյաները պնդում են, որ իրենք չեն «օկուպացրել» բուն Լեռնային Ղարաբաղը»:

Զեկույցի` Ադրբեջանին վերաբերող հատվածը, որը նույնպիսի արտահայտություն է պարունակում, չի փոփոխվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG