Մատչելիության հղումներ

logo-print

«Օրինաց երկիր»-ը անընդունելի է համարում ընտրությունների նախօրեին կեղծ տեղեկատվության տարածումը մամուլով


«Օրինաց երկիր» կուսակցությունը այսօր հայտարարել է, որ «անընդունելի է համարում ընտրությունների նախօրեին կեղծ տեղեկատվության տարածումը մամուլի միջոցներով»:

Արձագանքելով «Գոլոս Արմենիի» թերթի շաբաթ օրվա հրապարակմանը, համաձայն որի, փետրվարին Երեւանի «Մարկո Պոլո» ռեստորանում «Օրինաց երկիր»-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը զրուցել է բրիտանական դեսպանատան բարձրաստիճան մի պաշտոնյանի հետ եւ փորձել նրան համոզել, որ միջազգային հանրությունը պետք է միջամտի նախընտրական գործընթացներին եւ խիստ բացասական գնահատականներ տա, «Օրինաց երկիր»-ը շեշտում է. - «Արթուր Բաղդասարյանը բազմաթիվ հանդիպումներ է ունենում, որտեղ, բնականաբար, քննարկվում են առաջիկա ընտրություններին առնչվող խնդիրներ: Ավելին, իր հրապարակային ելույթներում Արթուր Բաղդասարյանը բազմիցս խոսել է դրանք միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտության մասին եւ հայտարարել, որ միջազգային հանրությունը եւս անտարբեր չէ այս երեւույթների նկատմամբ, քանի որ Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ»:

«Ինչ վերաբերում է ինչ-որ երկամսյա վաղեմություն ունեցող ձայնագրությանը, ապա դա լավ պատրաստված սեւ քարոզչություն է», - հայտարարում է «Օրինաց երկիր»-ը եւ հավելում. - «Հուսով ենք, որ մեր բոլոր հանդիպումների ձայնագրությունները ունեք եւ լսելով` կհամոզվեք, որ «Օրինաց երկիր»-ը մասնավոր ելույթներում ասել է նույնը, որ Հայաստանի առաջիկա ընտրությունները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, քանի որ դա են պահանջում թե մեր երկրի շահերը եւ թե միջազգային հանրությունը»:

Թերթի այն եզրահանգման առնչությամբ, թե Արթուր Բաղդասարյանը եւ նրա զրուցակիցը հետաքրքրված են, որպեսզի առաջիկա ընտրությունները հեղինակազրկեն Հայաստանը, «Օրինաց երկիր»-ը ընդգծում է. - «Երկրի վարկանիշը գցում են ընտրությունները կեղծողները, ոչ թե հրապարակային դաշտում այս մասին խոսող ուժերն ու գործիչները: Իսկ թե ում է ձեռնտու քարոզարշավի թեժ պահին սեւ քարոզչություն իրականացնելը` սա նույնպես պարզ է եւ ակնհայտ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG