Մատչելիության հղումներ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի արտաքին գործերի նախարար Արտիս Պաբրիկսին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` կողմերը, նշելով, որ Հայաստանը եւ Լատվիան խնդիրներ չունեն, ցանկություն են հայտնել երկկողմ շփումները դարձնել առավել ինտենսիվ ու արդյունավետ:

Արտիս Պաբրիկսն ընդգծել է Հայաստանի հետ կապերը սերտացնելու` իր երկրի պատրաստակամությունը եւ առաջարկել համագործակցել բոլոր այն բնագավառներում, որտեղ Հայաստանն ունի հետաքրքրություններ, իսկ Լատվիան` հնարավորություններ:

Նախագահ Քոչարյանն առաջարկել է ավելի ակտիվ շփվել հատկապես Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում եւ փորձել այդ ծրագրի համատեքստում խորացնել բարեփոխումների գործընթացներին ուղղված օժանդակությունը:

Ըստ նախագահի, Լատվիայի փորձը Հայաստանի համար հետաքրքիր է նաեւ նրանով, որ երկու պետություններն ունեն բավականին ընդհանրություններ, երկրների, բնակչության չափերով միմյանց մոտ են, եւ տնտեսության մեջ բարեփոխումների փորձի ուսումնասիրությունը, ենթակառուցվածքներն ավելի հեշտ է տեղափոխել հայաստանյան իրականություն:

Լատվիայի արտգործնախարարին այսօր ընդունել են նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG