Մատչելիության հղումներ

«Զիրվե» հրատարակչության աշխատակիցներին սպանելուց առաջ խոշտանգել են


Թուրքիայի Մալաթիայի քաղաքի «Զիրվե» հրատարակչության աշխատակիցներին սպանելուց առաջ երեք ժամ շարունակ խոշտանգել են: Այս եզրակացությանն են հանգել քրիստոնեական գրականություն տպագրող հրատարակչության վրա չորեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակման փաստով հարուցված գործում ներգրավված բժիշկները:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, «Թուրգութ Օզալ» բժշկական կենտրոնի ներկայացուցիչը պատմել է, որ բոլոր երեք սպանվածների` Մալաթիայի բողոքական համայնքի ղեկավար Նեջաթի Այդինի, գերմանացի Թիլման Գեսկեի եւ թուրք Ուգյուր Յուքսելի մարմինների վրա դանակի բազմաթիվ հետքեր են եղել, ինչը վկայում է, որ սպանելուց առաջ նրանց խոշտանգել են:

Ձերբակալվածները եւս հաստատել են, որ խոշտանգել են իրենց զոհերին, ապա խմբի առաջնորդ Էմրե Գյունայդինը կտրել է նրանց կոկորդները:

19-ամյա Գյունայդինը ներկայումս ծանր վիճակում հիվանդանոցում է. ոստիկանների` հրատարակչատուն մտնելու պահին նա դուրս էր նետվել երրորդ հարկի պատուհանից:

Թուրքական «Ռադիկալ» թերթի հաղորդմամբ, հարձակվողների առաջին զոհը եղել է գերմանացի Թիլման Գեսկեն, իսկ երկու թուրքերն սպանվել են ոստիկանների տեղ հասնելուն պես:

Ոստիկանությանը ահազանգել է քաղաքի բողոքական համայնքի ներկայացուցիչներից մեկը, ով կասկածելի էր համարել հրատարակչատան դռան` կողպված լինելու փաստը:

Լրատվամիջոցները Մալաթիայի սպանդը կապում են Թուրքիայում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ տեղ գտած այլ հարձակումների, այդ թվում` անցած տարվա փետրվարին Տրապիզոնում կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոյի եւ այս տարվա հունվարին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունների հետ:

Համաձայն հաղորդագրությունների, մարդասպանները մոլեռանդ ազգայնական իսլամիստների` վերջերս Մալաթիայում հաստատված խմբավորման անդամներ են:

Տրապիզոնում գործող համանման խմբավորման անդամները մեղադրվում են Հրանտ Դինքի սպանության մեջ:

Թերթերը հաղորդում են նաեւ, որ Մալաթիայի սպանդի գործով հինգ գլխավոր կասկածյալներից երեքը հարձակումից երկու օր առաջ օդամղիչ ատրճանակներից կրակելու համար ձերբակալվել էին, սակայն տուգանք վճարելուց հետո ազատ էին արձակվել:

«Զիրվե» հրատարակչատան վրա հարձակման գործով ներկայումս ձերբակալված է 10 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG