Մատչելիության հղումներ

Էրեբունի համայնքում երեկվա միջադեպին ԲՀԿ-ին «որեւէ կերպ առնչվող որեւէ անձ չի մասնակցել»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը պնդեց, որ երեկ Ռոստովյան փողոցի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունին առնչվող անձինք, ինչպես նաեւ Վստրեչի Ապեր մականունով անձը իրենց կուսակցության հետ որեւէ առնչություն չունեն:

«Իմ տեղեկությամբ, միջադեպին մասնակից որեւէ անձ որեւէ կերպ չի առնչվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Բացարձակապես: Միջադեպին մասնակից այդ անձը, որի անունը նշվում է` Վստրեչի Ապեր, որեւէ առնչություն չունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերը համակարգող Բաղդասար Մհերյանը:

Ի պատասխան դիտարկմանը, թե ինչո՞ւ նման միջադեպերը միշտ կապվում են «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կամ «Բարգավաճ Հայաստան» - ՀՀԿ հարաբերություններին, Մհերյանը արձագանքեց. - «Եթե փորձենք փոքր-ինչ տրամաբանել` ակնհայտ է, որ այս ընտրության ֆավորիտները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Ահա եւ` ծնվում են այդպիսի ասեկոսեներ»:

Երեկ Ռոստովյան փողոցի սկզբնամասում մի խումբ անձինք կրակոցներ էին արձակել եւ չպարզված պայթուցիկ սարք էին նետել նշված փողոցում գտնվող սրճարանի դիմացի գազոնի ուղղությամբ: Ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել էր, որ մահափորձ է կատարվել «Վստրեչի Ապեր» մականունով թաղային հեղինակություն Արամ Վարդանյանի նկատմամբ:

Շրջանառվող վարկածներից էր, թե` սրվել են հարաբերությունները Արամ Վարդանյանի եւ Էրեբունու թաղապետ, հանրապետական Մհեր Սեդրակյանի միջեւ:

Ոստիկանությունից ստացված տեղեկատվության համաձայն, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Էրեբունու բաժնի աշխատակիցների ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ «ՔՀԳ վարչություն են ներկայացել 1970 թվականին ծնված Արսեն Գ.-ն, 1970 թվականին ծնված Գարիկ Հ.-ն եւ 1981 թվականին ծնված Բաբկեն Ղ.-ն». - «Արսեն Գ.-ն ներկայացրել է «ԱԿՍՈՒ» տիպի ինքնաձիգը` պահունակով, եւ հայտարարել, որ ապրիլի 19-ին, ժամը 12.45-ի սահմաններում, գտնվելով Ռոստովյան փողոցի սկզբնամասում, նշված ինքնաձիգից կրակահերթ է արձակել:
Ապրիլի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին ու հայտնել, որ Արցախի եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած կրակոցների ժամանակ օգտագործված «ՏՏ» տիպի ատրճանակն ինքը թողնում է լինկայի փողոցից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող ճանապարհի աջ կողմում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «ՏՏ» տիպի ատրճանակը: Հայտնաբերված ատրճանակը եւ քրեական հետախուզության գլխավոր վարչություն ներկայացված ինքնաձիգն ուղարկվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն»:

Նախաքննությունը կատարում է Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG