Մատչելիության հղումներ

logo-print
Մայրաքաղաքի կենտրոնում այսօր հանդիսավորությամբ բացվեց Խորհրդային Հայաստանի երկարամյա ղեկավար, Հայաստանի ժողովրդական կուսակցության հիմնադիր եւ առաջին նախագահ Կարեն Դեմիրճյանի թանգարանը:

Կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը, եւ թոռներից մեկը:

«Իրար մերժող զգացմունքներ են պատում ինձ», - իր խոսքում ասաց Ռիմա Դեմիրճյանը: - «Մի կողմից վերապրում եմ կորուստը, քանի որ անցած 8 տարիները չեն սփոփել... Մյուս կողմից` ինչ-որ գոհունակության, սփոփանքի րոպե եմ ապրում, որ Կարենի կյանքը ապարդյուն չանցավ»:

Այս ձեռնարկի համար տիկին Ռիման շնորհակալություն հայտնեց բոլորին` երկրի նախագահից, Երեւանի քաղաքապետարանից, նախկին ու ներկա վարչապետերից մինչեւ թանգարանի աշխատակիցներն ու հայ ժողովուրդը:

«Այսօր մենք մասնակցում ենք հայ ժողովրդի տաղանդավոր զավակ, նրա պատմության խորհրդային եւ հետխորհրդային [շրջանի] ականավոր, առանցքային գործիչներից մեկի` Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող միջոցառումներից մեկին», - ասաց Սերժ Սարգսյանը: - «Կարեն Դեմիրճյանի գործունեությունը, որ դրվագ առ դրվագ արտացոլված է այս թանգարանի ցուցանմուշներում, խոր հետք է թողել հայ իրականության մեջ»:

Թանգարանի ստեղծման համար կառավարությունը 2001-ից ի վեր հատկացրել է 41 միլիոն դրամ, իսկ պահպանման համար հատկացնելու է տարեկան 23 միլիոն դրամ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է ՀՀԿ-ի նախկին դաշնակից ՀԺԿ-ի հետ ապագայում նոր դաշինք, Սերժ Սարգսյանը պատասխանեց. - «Մինչեւ ընտրությունների ավարտը ես ոչինչ չեմ բացառում»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG