Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը վերանայել է մարդու իրավունքների վերաբերյալ իր տարեկան զեկույցում տեղ գտած թյուր արտահայտությունը, համաձայն որի` «Հայաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական տարածքի եւ շրջապատող յոթ ադրբեջանական տարածքների օկուպացիան»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի վկայությամբ, Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում այս շաբաթ տեղադրվել է փոփոխված տեքստը, որում ասված է. - «Հայկական ուժերը օկուպացրել են Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքի մեծ հատվածներ: Հայ պաշտոնյաները պնդում են, որ իրենք չեն «օկուպացրել» բուն Լեռնային Ղարաբաղը»:

Միաժամանակ, դեռեւս վերանայված չէ զեկույցի` Ադրբեջանին վերաբերող հատվածը, որը նույնպիսի արտահայտություն է պարունակում:

«Մենք ի գիտություն ենք ընդունում այն փաստը, որ Պետդեպարտամենտը արձագանքել է մեր մտահոգություններին, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թյուր որակումը վնասակար կլիներ որպես Մինսկի խմբի անկողմնակալ միջնորդ Միացյալ Նահանգների կառավարության ունեցած դերի համար», - հայտարարել է, մասնավորապես, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` հավելելով. - «Մենք մնում ենք անհանգստացած, որ փոփոխված տեքստը շարունակում է ճշգրիտ չբնութագրել իրավիճակը, ինչպես նաեւ` որ զեկույցի` Ադրբեջանին վերաբերող հատվածը շարունակում է սխալ պնդումներ պարունակել, ինչը տեքստը անհամատեղելի է դարձնում հենց Պետդեպարտամենտի կողմից վերանայված` հայկական հատվածի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG