Մատչելիության հղումներ

Ղարաբաղում սկսվում է նախագահության թեկնածուների առաջադրումը


Լեռնային Ղարաբաղում այսօր սկսվում է նախագահության թեկնածուների առաջադրումը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը, արդեն նախաձեռնող խմբի կողմից ներկայացվել են Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Բակո Սահակյանի առաջադրման փաստաթղթերը:

Կուսակցություններից առայժմ առաջադրում չի եղել:

Փաստաթղթերի ընդունումը շարունակվելու է մինչեւ մայիսի 5-ը, իսկ ամենաուշը հունիսի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտելու է թեկնածուների գրանցման գործընթացը:

Նախընտրական քարոզչությունը սկսվում է գրանցման ժամկետի վերջին օրվան հաջորդող օրը` հունիսի 10-ից:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի ընտրական օրենսգրքի, ընտրությունները կայացած ճանաչելու համար անհրաժեշտ է ընտրողների ընդհանուր թվի առնվազն 25 տոկոսի մասնակցությունը, իսկ ընտրված է համարվելու այն թեկնածուն, ով կհավաքի վավեր քվեների 50 տոկոսից ավելին:

Անցած տարվա դեկտեմբերին սահմանադրական հանրաքվեի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ընտրողների թիվը մոտ 90 հազար էր:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հուլիսի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրությունն է հայտնել նաեւ Ղարաբաղի արտգործնախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը:

Ղարաբաղում գործող 4 քաղաքական ուժեր՝ Արցախի դեմոկրատական կուսակցությունը, «Ազատ Հայրենիք»-֊ը, Դաշնակցությունը եւ «Շարժում - 88»֊-ը հայտարարել են, որ միասնական թեկնածուի են պաշտպանելու:

Մասիս Մայիլյանի վկայությամբ՝ այդ կուսակցությունները ավարտել են խորհրդակցությունների առաջին փուլը, իսկ միասնական թեկնածուի անունը հայտնի կդառնա խորհրդակցությունների երկրորդ փուլից հետո:

Գործող նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել գալիք ընտրություններին:


Աստղիկ Բեդեւյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG