Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ի փոխանցմամբ` «Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) որոշել է հեռանալ Հայաստանից, ուստի այժմ ազատվում է իր ունեցվածքից»: «Նախօրեին Գագիկ Ծառուկյանի բանագնացները ծանոթացել են Հակոբ Հակոբյանի երեք գազալցակայաններին, որոնք Ռոբերտ Քոչարյանի հրահանգով անցնելու են «Մուլտի գրուպ»-ին: Քոչարյանը որոշել է նաեւ տիրանալ Հակոբյանին պատկանող` Խորենացի փողոցի վրա գտնվող «Հայագրոբանկ»-ի շենքին եւ Զվարթնոց համալիրին», - գրում է թերթը, ապա արձանագրում. - «Ճոյտի եւ նախագահի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի միջեւ ծագած վեճը հանգուցալուծվեց վերջինիս հաղթանակով»:

Միեւնույն կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ վերջին շրջանի մեկը մյուսին տրամագծորեն հակադրվող սոցիոլոգիական հարցումների արդյունքներին անդրադառնալով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը առանձնացրել է. - «Որպես կանոն, նրանց արդյունքներն արտացոլում են, մի կողմից՝ տվյալ հարցման պատվիրատուի ցանկությունները, մյուս կողմից՝ օբյեկտիվ երեւալու եւ սեփական դեմքը պահպանելու՝ սոցիոլոգների փորձերը։ Այս երկու միտումը հաճախ այնպես են միախառնվում առանձին հարցումների աղյուսակներում, որ դժվար է լինում տարբերակել կեղծիքն ու ճշմարտությունը»:

«Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուց հետո օդում կախված մնացած պաշտպանության նախարարի հիմնախնդիրը հենց այնպես չէ, որ ի հայտ է եկել», - գրել է այսօր «Իսկական իրավունք» թերթի մեկնաբան ու հավելել. - «Պաշտպանության նախարարի նշանակման հարցը լուծվելու է սահմանադրորեն ընդունված վերջին ժամկետին՝ ապրիլի 24-ին, ինչը ոչ այնքան հաճելի նստվածք է հաղորդում այդ ամբողջ պատմությանը։ Ռոբերտ Քոչարյանը միտումնավոր ստեղծել է պաշտպանության նախարարի հիմնահարցը, որպեսզի խոչընդոտի Սերժ Սարգսյանի սրընթաց վերելքին»։

Փաստելով, որ ընտրությունների համար 3700 քվեատուփն էլ բավարար էր, այնինչ 1300 քվեատուփ ավելի է ներկրվել` «Տարեգիր» թերթի խմբագրականը հասցեագրել է. - «Հուսանք՝ 1300 «ավելցուկ» քվեատուփերը բավարար կլինեն իշխանություններին իրենց նախընտրական տոկոսները ապահովելու համար։ Առաձնահատուկ խելք պետք չէ դրանք վաղօրոք լցնելու, մայիսի 12-ին լցվածներով փոխարինելու եւ դիտորդների աչքի առաջ դատարկելու համար»: «Ձեռքի ճարպկություն եւ ոչ մի խաբեություն», - հեգնել-եզրակացրել է խմբագրականը։

«Հայք» թերթի խմբագրականն այսօր պնդել է, թե Հայաստանում քրեածին «իրավիճակը մեղմելու առաքելությամբ արտերկրում բնակություն հաստատած օրենքով գողերը եւ հեղինակությունները Հայաստանի իշխանությունների հրավերով ժամանում են Երեւան»։ «Այս փաստը մեկ անգամ եւս վկայում է, որ Հայաստանի իշխանությունները հենվում են ոչ թե իրավապահների, այլ հանցաշխարհի հեղինակությունների վրա։ Իսկ լեգեոներ հեղինակությունները պետք է ուղղորդեն թաղային հեղինակություններին եւ լրացուցիչ քվեներ ապահովեն իշխանական ուժերի համար»։

«Առավոտ» թերթի վանաձորյան աղբյուրներից մեկը փոխանցել է, թե «քաղաքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն իր թիմակիցների միջոցով քաղաքում լուրեր է տարածել, թե իբր իր՝ պատգամավոր չընտրվելու դեպքում նշանակվելու է Լոռու մարզպետ»: Թերթի աղբյուրի դիտարկմամբ, Բաղդասարյանը դրանով երկու հարց է փորձում լուծել. - «Նախ՝ զգուշացնում է ՀՀԿ-ական մարզպետ Արամ Քոչարյանին, որ իրեն ընտրություններում չօգնելու դեպքում կարող է կորցնել պաշտոնը, երկրորդ՝ վանաձորցիներին «մեսիջ» է անում, որ բոլոր դեպքերում իրենից պրծում չկա»:

Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG