Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Նախորդի համեմատ նորմալ հանդիպում էր»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը տված հարցազրույցում ասաց, որ իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ նախօրեին Բելգրադում կայացած հանդիպումը «նորմալ էր՝ համեմատած նախորդի հետ»:

«Ժնեւի հանդիպումից հետո ես ասացի, որ բավական ծանր էր: Այս մեկը ավելի նորմալ էր, չկար լարվածություն», -֊ փաստեց արտգործնախարարը:

«Մենք կենտրոնացանք այն հարցերի վրա, որոնք մինչեւ այժմ համաձայնեցված չեն, սակայն որեւէ նոր բան հարթված չէ»,֊ - նշեց Վարդան Օսկանյանը:

«Համանախագահները որոշել են այցելել տարածաշրջան եւ անմիջականորեն նախագահների հետ փորձել պարզել կողմերի դիրքորոշումները այդ հարցերում: Նրանք նաեւ կփորձեն համաձայնեցնել նախագահների հաջորդ հանդիպման վայրը եւ ժամկետը»,֊ - հայտնեց նախարարը:

Հարցին, թե արդյոք արտգործնախարարը կմնա՞ իր պաշտոնում խորհրդարանական ընտրություններից հետո, Վարդան Օսկանյանը պատասխանեց.֊ - «Եթե նախագահը ցանկանա, ես կշարունակեմ աշխատել մինչեւ նախագահի լիազորությունների ավարտը»:

Օսկանյանը հրաժարվեց մեկնաբանել իր նախագահական հավակնություններին վերաբերող` հայաստանյան որոշ դիտորդների պնդումները` ասելով. - «Շատ վաղ է այդ մասին խոսելը: Հայաստանն այսօր կենտրոնացած է խորհրդարանական ընտրությունների վրա»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG