Մատչելիության հղումներ

Առնվազն երեք զոհ` Թուրքիայում Աստվածաշունչ տպագրող հրատարակչատան վրա հարձակման հետեւանքով


Մալաթիայում այսօր առնվազն երեք մարդ է զոհվել «Զիրվե» հրատարակչատան վրա հարձակման հետեւանքով, որի դեմ թուրք ազգայնականները բողոքում էին` Թուրքիայում Աստվածաշունչը տարածելու համար: Ինչպես հաղորդել է DPA լրատվական գործակալությունը, բոլոր սպանվածների կոկորդները կտրված էին:

Արեւմտյան գործակալությունների վկայությամբ՝ եւս երկու մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Իրավապահները հայտարարել են, որ հարձակման կապակցությամբ ձերբակալվել է 6 մարդ:

Հրատարակչատան ղեկավարությունը տեղական հեռուստատեսությանը հայտնել է, որ իրենք սպառնալիքներ էին ստանում:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, նշելով, որ սա վերջինն է Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնության դեմ հարձակումներից, հիշատակում է 2006 թվականին Տրապիզոնում կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոյի սպանությունը, եւս երկու կաթոլիկ քահանաների նկատմամբ հարձակումները, այս տարվա սկզբին Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը:

Մալաթիան հայտնի է որպես ազգայնականների օջախ: Այս քաղաքից էր Մեհմեդ Ալի Աղջան, ով 1981 թվականին մահափորձ էր կատարել Հռոմի Հովհաննես Պողոս երկրորդ պապի դեմ:

Քրիստոնյաները ներկայումս Թուրքիայի բնակչության 1 տոկոսից էլ պակաս են կազմում: Երկրի 70 միլիոն բնակիչներից Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են 65 հազարը, Կաթոլիկ եկեղեցու հետեւորդներ` 20 հազարը, բողոքականներ` 3,5 հազարը եւ Հույն ուղղափառ եկեղեցու հետեւորդներ` 2 հազարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG