Մատչելիության հղումներ

Ալլա Լեւոնյանը` ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հայաստանում


Երգչուհի Ալլա Լեւոնյանը այսօր նշանակվեց ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հայաստանում` ընդգրկվելով աշխարհի շուրջ 200 հանրահայտ մարդկանց ցուցակում, ովքեր համագործակցում են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ՝ քարոզելով երեխաների իրավունքների պաշտպանությունը:

Պաշտոնական նշանակման նամակների ստորագրումից եւ փոխանակումից հետո ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Շելդոն Յեթը շնորհավորեց Ալլա Լեւոնյանին եւ նորանշանակ բարի կամքի դեսպանին հանձնեց ՅՈւՆԻՍԵՖ-ի վերնաշապիկը եւ գլխարկը, որոնք խորհրդանշում են նրա մասնակցությունը Մանկական հիմնադրամի առաքելությանը, այն է՝ ապահովել, որպեսզի յուրաքանչյուր երեխա լինի առողջ, կրթված եւ պաշտպանված:

Շելդոն Յեթը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց, որ «բարի կամքի դեսպանը օգտագործում է իր հանրաճանաչ եւ սիրված լինելը՝ առողջության, կրթության եւ պաշտպանության խնդիրների լուծմանն ուղղված ուղերձները հանրությանը լսելի դարձնելու ուղղությամբ»:

Իսկ թե ինչո՞ւ հայ էստրադայի աստղաբույլից հենց Ալլա Լեւոնյանը ընտրվեց` Շելդոն Յեթը պարզաբանեց. - «Մի քանի պատճառներով: Նախ` նա երկու երեխաների մայր է, իսկ ո՞վ, եթե ոչ մայրը, լավ գիտի երեխաների խնդիրները, հոգում է նրանց առողջության մասին: Նա նաեւ հրաշալի երգչուհի է, հայտնի ու սիրված է տարբեր տարիքի մարդկանց շրջանում: Բացի այդ, մենք աշխատում ենք նաեւ գյուղական բնակավայրերում եւ հաշվի ենք առել Ալլայի գյուղական ծագումը. կարեւոր է, որ նա ընդունված ու սիրված լինի նաեւ գյուղում: Այս հանգամանքները մեզ դրդեցին, որ մենք Ալլա Լեւոնյանին ընտրենք բարի կամքի դեսպան»:

Ալլա Լեւոնյանը ասաց, որ շատ զգացված է, մեծ պատիվ է համարում այդ կարեւոր ու պատասխանատու գործը ստանձնելը եւ ուրախ կլինի նպաստել հայ երեխաների առողջության, կրթության ու պաշտպանվածության խնդիրների լուծմանը:

Ռուսաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը երգիչ Օլեգ Գազմանովն է, իսկ Ուկրաինայում՝ երգչուհի Ռուսլանան:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG