Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները հորդորում են Բուշին ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը


ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը նամակ են հղել նախագահ Ջորջ Բուշին, որում հորդորում են ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում վերահաստատել Միացյալ Նահանգների դիրքորոշումը եւ հայ ժողովրդի դեմ գործադրված վայրագությունները ճանաչել ցեղասպանություն:

«Միացյալ Նահանգները երբեք չպետք է թույլ տա, որպեսզի մարդկության դեմ հանցագործությունները անցնեն անհիշատակ եւ մնան առանց դատապարտման», - գրում են համանախագահները իրենց նամակում, որը տրամադրել են Ամերիկայի հայկական համագումարից:

Փալոունը եւ Նոլենբերգը շեշտում են հետագա ցեղասպանությունների կանխմանը Միացյալ Նահանգների նվիրվածության կարեւորությունը` նշելով. - «Հրամայական է, որպեսզի մենք հարգանքի տուրք մատուցենք այլոց հիշատակին, ովքեր տառապել են, եւ երբեք չմոռանանք անցյալը»:

Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության եւ ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ, նախաձեռնել են հիշատակի միջոցառում, որը կանցկացվի ապրիլի 24-ին Կոնգրեսի շենքում:

Անցյալ տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա իր ուղերձում Ջորջ Բուշը նշել էր, որ 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի կոտորածը «ողբերգություն էր ամբողջ մարդկության համար, որը մենք եւ աշխարհը երբեք չպետք է մոռանանք», սակայն խուսափել էր այդ իրադարձությունները «ցեղասպանություն» բառով որակելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG