Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը փաստել է. - «Նախընտրական կաշառքի դրույքաչափերն աճում են օր-օրի: Ու եթե նախորդ ընտրությունների ժամանակ ընտրողի մեկ ձայնը կարելի էր գնել 2-5 հազար դրամով, ապա այժմ արդեն նախընտրական կաշառքը հասել է 20-30 հազար դրամի»: «Ընտրակաշառք բաժանելիս ամենաառատաձեռնը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որը հարկ եղած դեպքում պատրաստ է ընտրողներին բաժանել շատ ավելին», - պնդել է մեկնաբանն ու բաղդատել. - «Ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀՀԿ-ն կարծես այնքան էլ հակված չէ մեծ ընտրակաշառքներ բաժանել այս ընտրությունների ժամանակ ու փոխարենն օգտագործելու է իր ահռելի վարչական լծակները։ Յուրաքանչյուր դպրոցի եւ ընդհանրապես բոլոր պետական հիմնարկների ղեկավարները պարտադրված են ՀՀԿ-ի օգտին հավաքել 30-ական ստորագրություն՝ տվյալ մարդկանց անձնագրային տվյալներով։ Պլանը չկատարողների առջեւ հստակ պայման է դրված՝ նրաք կորցնելու են իրենց պաշտոնը»։

«Հայք»-ը նկատել է. - «Վանաձորի 30-րդ ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած Վահրամ Բաղդասարյանը քարոզչական տեսահոլովակներում կիրառում է բավական ուշագրավ եւ զավեշտալի մեթոդ: Բաղդասարյանն աշխատում է, որ նախընտրական տեսահոլովակներում ինքը հնարավորին չափ շատ երեւա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողքին»: Թերթի փոխանցմամբ, վանաձորցիները համոզված են, որ այդպես Բաղդասարյանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել եւ ճնշում գործադրել ընտրողների վրա:

«Ժամանակ Երեւան»-ի համոզմամբ, Սերժ Սարգսյանը, «որպեսզի չմեղադրվի պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, որ աշխատանքային ժամերին զբաղվում է սեփական կուսակցության քարոզչությամբ, դիմել է խորամանկ քայլի` այցելությունը Արագածոտնի մարզ ձեւակերպվել է ոչ թե որպես ՀՀԿ-ի նախընտրական հանդիպում ընտրողների հետ, այլ որպես ՀՀ վարչապետի պաշտոնական այց Արագածոտն»: «Բայց սա չի խանգարել, որ Սերժ Սարգսյանը զերծ մնա նախընտրական խոստումներ շռայլելուց եւ ՀՀԿ-ի գովքն անելուց», - նկատում է թերթը:

Ամփոփելով նախընտրական քարոզարշավի առաջին տասնօրյակը` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը փաստել է. - «Մի կողմից՝ քաղաքական լուրջ ծրագրերի եւ նոր գաղափարների ու, մյուս կողմից՝ իշխանություն-ընդդիմություն երկբեւեռ դիմակայության բացակայության պայմաններում ընտրարշավի քաղաքական իմաստն ու բովանդակությունը դրսեւորվում է կուսակցական լիդերների մրցակցության տեսքով։ Այսինքն՝ խորհրդարանական ընտրարշավը ձեռք է բերում «մինի նախագահականի» իմաստ ու բովանդակություն, որի ընթացքում «նախնական փորձարկում» է անցնում 2008-ի նախագահական ընտրությունների հավակնորդների մեծ մասը»։

Նույն թեմային անդրադառնալով` «Ազգ» թերթի մեկնաբանը որակել է. -«Ընդհանրապես, որեւէ քարոզարշավ լավագույն ժամանակահատվածը չէ լուրջ ծրագրային բանավեճերի համար: Այստեղ ավելի շատ գերիշխում են հուզական-զգացմունքային տարրերը, դյուրամարս պոպուլիզմը, ինչպես նաեւ՝ արմատական հեղափոխական երանգները»: «Հայաստանյան քարոզարշավը այս առումով բացառություն չէ», - ընդգծել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Կարելի է շատ հաջող անցկացնել քարոզարշավի առաջին տասնօրյակը, իսկ հետո պարզել, որ «կրակված են բոլոր փամփուշտները»՝ սպառված է ասելիքը, սպառված է այդ ասելիքը ներկայացնող գործիչների ցանկը»:

Ըստ «Հայք»-ի մեկնաբանի` «այսօր պարզորոշ նկատվում է, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո բազմաթիվ պայմանավորվածություններ խախտվել են, իսկ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն որեւէ ցանկություն չունեն այլ կուսակցությունների եւս մասնակից դարձնել Ազգային Ժողովի ձեւավորմանը»։ «Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո իշխանության մեջ ընթանում է չափազանց հզոր պայքար յուրաքանչյուր մանդատի համար, իսկ ՀՀԿ-ի հայտարարությունները, թե արդեն հավակնում են բացարձակ մեծամասնության, ոչ այլ ինչ են, քան նախազգուշացում իրենց գործընկերներին, որ իրենցից պայմանավորվածությունների կատարում չսպասեն», - հավելել է մեկնաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG