Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Պետք է սպասել եւ համատեղ աշխատել»


Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը այսօր շրջայց է կատարում Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում:

Բոլոր բնակավայրերում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ վարչապետը շեշտում է, որ շրջայցի նպատակը կարող են քարոզչական համարել, սակայն ինքը եկել է բնակիչներին տեսնելու, նրանց խնդիրներին ծանոթանալու, «հավաստի, իրատեսական խոստումներ տալու»:

Վարչապետը արդեն եղել է Մյասնիկյան, Արտենի եւ Արագածավան բնակավայրերում: Սերժ Սարգսյանին դիմավորում են աղ ու հացով, երաժշտությամբ: Ամենուր մեկ րոպե լռությամբ հարգվում է Անդրանիկ Մարգարյանի հիշատակը:

Իսկ մարդկանց բարձրաձայնած խնդիրներն ամեն տեղ գրեթե նույնն են` խմելու եւ ոռոգման ջրի հետ կապված, գազաֆիկացման խնդիրներ, դպրոցների, հիվանդանոցների վերանորոգման հարցեր: Վարչապետը մարդկանց ասում է, որ դրանք լուծելի խնդիրներ են, բայց «պետք է սպասել եւ համատեղ աշխատել»:

«Նրանք, ովքեր սպասում են, որ մեկ-երկու տարում բոլոր հարցերը կլուծվեն, ապա հաստատ իմացեք, որ այդպես մտածողները կհիասթափվեն», - Արագածոտնի մարզի բնակավայրերից մեկում ասաց Սերժ Սարգսյանը:

Վարչապետին ուղեկցում են hանրապետական պատգամավոր, թիվ 15 (Արագածոտնի մարզ) ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանը, Ռազմական ոստիկանության մի խումբ աշխատակիցներ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG