Մատչելիության հղումներ

Երիտասարդների աշխարհը՝ թվերով


Երիտասարդները մեծ թիվ են կազմում Աֆրիկայի երկրներում, իսկ ամենաքիչը` Եվրոպայում: Օրինակ` Ուգանդայում մինչեւ 18 տարեկանները կազմում են երկրի բնակչության 57 տոկոսը, իսկ ահա Իտալիայում, Հունաստանում եւ Իսպանիայում՝ ընդամենը 17 տոկոսը:

Երիտասարդության մեկ քառորդ մասը ապրում է օրական 1 դոլարով: Համաշխարհային բանկը հայտարարել է, որ եթե զարգացող երկրները մեծ գումարներ տրամադրեն երիտասարդների համար իրականացվող ծրագրերին, ապա տվյալ երկրում կարճ ժամանակում կնկատվի կտրուկ տնտեսական աճ:

Չնայած աշխարհում երիտասարդները մեծ թիվ են կազմում, շատ հաճախ նրանց կարծիքը եւ իրավունքները ոտնահարվում են: Շատ երկրներում նույնիսկ մեծանալուց հետո են ծնողներն ամեն ինչ իրենց զավակների փոխարեն որոշում: Օրինակ` տաջիկ աղջիկների ընդամենը 4 տոկոսն է ինքնուրույն ընտրում ապագա ամուսնուն, 50 տոկոսն էլ` մասնագիտությունն ու աշխատանքը:

Աշխարհում ապրող երիտասարդների մեծամասնությունը ծնողներից գրագետ է, հատկապես զարգացած երկրներում: Սակայն աշխարհում ապրող 57 միլիոն տղաներ եւ 96 միլիոն աղջիկներ 15-ից 24 տարեկան հասակում գրել եւ կարդալ չգիտեն: Գումարի բացակայության պատճառով նաեւ շատերը չեն կարողանում կրթությունը բուհում շարունակել:

Հետազոտությունների համաձայն՝ ամբողջ աշխարհում երիտասարդների մեծամասնությունը ցանկանում է ձեռք բերել մատչելի, բայց որակյալ կրթություն, որն էլ հետագայում կդառնա համապատասխան աշխատանք գտնելու գրավականը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG