Մատչելիության հղումներ

Վերլուծաբանների համոզմամբ` Թուրքիան Եվրամիությանը կանդամակցի 2019 թվականից ոչ շուտ


Թուրքիան Եվրամիությանը կանդամակցի 2019 թվականից ոչ շուտ` համոզված են եվրոպացի եւ թուրք վերլուծաբանները:

Եվրամիության ու Թուրքիայի առաջատար 31 ֆինանսական ու վերլուծական կենտրոնների աշխատակիցների շրջանում «Ռոյթերզ» գործակալության` ապրիլի 10-16-ը անցկացրած հարցման մասնակիցների 25 տոկոսը չի բացառել, որ Եվրամիությունը վերջնականապես կսառեցնի Թուրքիայի հետ բանակցությունները քննարկման առարկա դարձած բոլոր դրույթների շուրջ: Եվս 25 տոկոսը պնդում է, թե Անկարան ինքը, հուսախաբ լինելով Եվրամիության պաշտոնյաների հետ անպտուղ քննարկումներից` կարող է դուրս գալ բանակցային գործընթացից:

Ստամբուլում գործող «ՖինանսԻնսվետ» կորպորացիայի վերլուծաբան Մերթ Ուրկելը նշում է, որ առաջիկայում Կիպրոսի խնդրում Անկարան հաստատ չի դիմի որեւէ զիջման, ինչը մեխանիկորեն կնշանակի առաջընթացի բացակայություն Եվրամիության հետ հարաբերություններում:

«Նոյեմբերին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են, հաջորդ տարի ընտրություններ են Կիպրոսի թուրքական հատվածում, ուստի զիջումները քիչ հավանական են», - «Ռոյթերզ»-ին փոխանցել է Ուլկերը:

2006 թվականի դեկտեմբերին Եվրամիությունը սառեցրեց Թուրքիայի հետ բանակցությունները օրակարգի 35 կետերից 8-ի շուրջ` Կիպրոսի հետ հարաբերությունները բարելավել չցանկանալու եւ իր նավահանգիստներն ու օդանավակայանները Եվրամիության անդամ այդ պետության նավերի ու ինքնաթիռների առջեւ չբացելու համար:

2006-ի աշնանը անցկացված նույնանման հարցման ընթացքում վերլուծաբանները որպես Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավոր ժամկետ նշել էին 2018 թվականը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը որպես Եվրամիությանը իր երկրի անդամակցելու հնարավոր ժամկետ նշել էր 2014 կամ 2015 թվականները:

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը երեկ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ չի բացառել, որ մինչեւ տարեվերջ, երբ կավարտվի Եվրամիությունում Գերմանիայի նախագահության ժամկետը, բանակցությունների որոշ սառեցված հոդվածներ կդառնան նոր քննարկումների առարկա:

«Սա հնարավոր կլինի այն պարագայում, եթե ամեն ինչ լավ ընթանա, եւ Թուրքիան բարելավի հարաբերությունները Կիպրոսի հետ», - ընդգծել է Մերկելը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG