Մատչելիության հղումներ

Լեխ Կաչինսկի. «Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր կստանա 2008-ի ապրիլին»


Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրը կստանա 2008 թվականի ապրիլին: Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին այսօր Թբիլիսիում վրաց պաշտոնակից Միխեիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Լեհաստանի նախագահը նշել է, որ հաջորդ տարվա ապրիլին, ամենայն հավանականությամբ` Լիսաբոնում, կայանալու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը:

Կաչինսկին ընդգծել է, որ իր երկիրը գնահատում է ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին Վրաստանի առաջընթացը եւ պաշտպանում է դաշինքին անդամակցելու` Վրաստանի ձգտումը:

«Կովկասպրես» գործակալության վկայությամբ, Լեհաստանի նախագահը կարեւորել է Վրաստանի հետ ռազմական համագործակցության ակտիվացումը եւ խոստացել է օգնել Վրաստանին իր զինված ուժերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում:

Կաչինսկին շեշտել է, որ այդ համագործակցությունը ուղղված չի լինելու որեւէ այլ երկրի դեմ:

Միխեիլ Սահակաշվիլին, իր հերթին, հայտարարել է, թե Լեհաստանը Վրաստանի համար ժողովրդավարական բարեփոխումների եւ զարգացման օրինակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG