Մատչելիության հղումներ

Լատվիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին ինտեգրման հարցերում


Լատվիան պատրաստ է Ադրբեջանին օժանդակություն ցույց տալ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին ինտեգրման հարցերում: Այդ մասին հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Արտիս Պաբրիկսը այսօր Բաքվում ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Պաբրիկսի խոսքերով, Լատվիան մեծ հետաքրքրություն ունի Կովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում Ադրբեջանի հետ համագործակցության նկատմամբ, եւ իր երկրում Ադրբեջանին տարածաշրջանային առաջատար են համարում տնտեսական ոլորտում:

Նա տեղեկացրել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ քննարկվել են էներգետիկ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցեր:

«Շատ ներդրողներ Լատվիայում կցանկանային միջոցներ ներդնել ադրբեջանական տնտեսությունում», - հայտարարել է Լատվիայի արտգործնախարարը` ընդգծելով. - «Լատվիան` որպես Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ, Ադրբեջանի հետ համագործակցության մի շարք ծրագրեր ունի` եվրատլանտյան տարածք նրա ինտեգրման շրջանակներում»:

«Մենք կցանկանայինք ցույց տալ, թե ի՞նչ ենք արել ինքներս Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին, եւ հուսով ենք, որ դա կհեշտացնի ձեր ճանապարհը դեպի Եվրոպա», - ասել է Արտիս Պաբրիկսը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Լատվիայի արտգործնախարարը նշել է նաեւ, թե իր երկիրը հավանություն է տալիս տարածաշրջանից դեպի Եվրոպա էներգատրանսպորտային միջանցքների ստեղծման եւ զարգացման ծրագրերին:

Լատվիայի արտգործնախարարը այսօր հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Շաբաթվա ընթացքում Արտիս Պաբրիկսը այցելելու է նաեւ Հայաստան եւ Վրաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG