Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդ. «Հայաստանյան ընտրություններից ակնկալում ենք էական առաջընթաց»


«Մենք ցանկանում ենք բարելավում տեսնել հայաստանյան խորհրդարանական ընտրություններում: Մենք կատարելություն չենք ակնկալում, բայց ակնկալում ենք տեսնել էական առաջընթաց: Դա կարեւոր է», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ անցած շաբաթավերջին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ:

«Հայաստանը` հաշվի առնելով հայկական Սփյուռքի ուժը եւ Արեւմուտքի հետ իր կապերը, անկեղծ ասած, պետք է շատ առաջ լիներ Վրաստանից: Սակայն ես հարցնում եմ` համապատասխանո՞ւմ է այն արդյոք ժողովրդավարական բարեփոխումներին», - շեշտել է ամերիկացի դիվանագետը` հավելելով. - «Հայաստանը պետք է ավելի լավ վիճակում լիներ: Այն պետք է առաջատար լիներ: Այն պետք է բարգավաճող երկիր լիներ»:

Հայաստանի շրջափակմանն առնչվող հարցին Ֆրիդը պատասխանել է. - «Հայաստանը շրջափակված չէ. այն ելք ունի Վրաստանով: Այնպես չէ, թե այն արտաքին աշխարհի հետ կապ չունի: Մենք հուսով ենք, որ ավելին կարվի»:

Հայ - թուրքական հարաբերությունների կապակցությամբ ամերիկացի դիվանագետը կարծիք է հայտնել, թե «Թուրքիան եւ Հայաստանը պետք է լրջորեն քննարկեն իրենց ընդհանուր անցյալը»:

«Դա պետք է լինի պատմաբանների քննարկում: Միացյալ Նահանգները չի հերքում որեւէ կոտորած: Դրանք պատմականորեն հաստատված փաստ են, սակայն պատմաբանները պետք է քննարկեն կատարվածի մանրամասները` ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, ո՞վ եւ ի՞նչ է արել», - հայտարարել է Դենիել Ֆրիդը` շարունակելով. - «Դա պետք է տեղի ունենա, եւ դա պետք է տեղի ունենա որպես իսկական ազգային հաշտեցման գործընթաց»:

«Մենք կարծում ենք նաեւ, որ Թուրքիան պետք է բացի իր սահմանը Հայաստանի հետ եւ վերականգնի բնականոն հարաբերությունները: Մենք ուրախ ենք Թուրքիայի ձեռնարկած վերջին քայլերով, ինչպիսին արեւմտյան Թուրքիայում հայկական եկեղեցու [Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու] վերականգնումն է` թեկուզեւ որպես թանգարան», - ասել է նա:

Ֆրիդը նաեւ համոզմունք է հայտնել, թե թուրքական հասարակությունում կա նման հաշտեցման պահանջարկ` հիմնավորելով. - «[Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր] Հրանտ Դինքը սպանվեց ծայրահեղ ազգայնականի կողմից, սակայն դրանից հետո 100 հազար թուրքեր փողոց դուրս եկան` ասելով. «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք»: Դա նշանակում է մերժել ազգայնականությունը: Մենք նշմարում ենք հանդուրժողական թուրքական ինքնություն: Դա շատ հուսադրող է: Դա այն է, ինչ մենք ցանկանում ենք խրախուսել»:

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ հերքել է, թե Թուրքիան շանտաժի է ենթարկում Միացյալ Նահանգներին` սպառնալով Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման դեպքում փակել Իրաքում ամերիկյան զորքերի մատակարարման ուղիները. - «Թուրքական կառավարությունը երբեք շանտաժի չի ենթարկել եւ չի սպառնացել Միացյալ Նահանգներին: Թուրքիայի կառավարությունն ասել է, որ այդ բանաձեւը կբորբոքի եւ կխռովի թուրքական հասարակական կարծիքը, եւ որ ինքը` թուրքական կառավարությունը, վախենում է նրանից, ինչ կարող է անել Թուրքիայի խորհրդարանը` ի պատասխան մեր խորհրդարանի հնարավոր քայլի»:

Նշելով, թե «Թուրքիան լավ դաշնակից է, ինչպես նաեւ մի երկիր, որը խորը ժողովրդավարական փոխակերպման է ենթարկվում», Ֆրիդը հավելել է. - «Մենք խրախուսում ենք նրանց` ուսումնասիրելու սեփական պատմությունը եւ ցավոտ կետերը, որոնք կարող են «մութ կետեր» կոչվել, եւ նրանք միակ երկիրը չեն, որ այդպիսիք ունեն: Միացյալ Նահանգները բազմաթիվ սեփականներն ունի. ստրկությունը, Ամերիկայի հնդկացիների նկատմամբ վերաբերմունքը, Ամերիկայի ճապոնացիների նկատմամբ վերաբերմունքը Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Բազմաթիվ բաներ կան մեր պատմության մեջ, որոնցով մենք չենք հպարտանում»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG