Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհավորել է ոստիկանների մասնագիտական տոնը


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ` մաղթելով «անվտանգ եւ արդյունավետ ծառայություն»:

«Ժողովրդավարական հասարակության մեջ ոստիկանի կերպարը պետք է վստահություն եւ պաշտպանվածության զգացում ներշնչի», - մասնավորապես, ասված է նախագահի ուղերձում: - «Պետության կողմից Ձեզ հանձնարարված գործառույթներից շատերն իրագործելիս Դուք անմիջականորեն առնչվում եք քաղաքացիների հետ: Դուք եք այն պաշտոնյան, որ անձնագրի հանձնումից մինչեւ անվտանգ երթեւեկության ապահովումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:

«Մաղթում եմ Ձեզ, որ միշտ բարձր պատասխանատվությամբ, արժանապատվորեն եւ հաջողությամբ կատարեք Ձեր մասնագիտական դժվարին գործը», - եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահի հրամանագրերով, «ոստիկանության օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար» Հայաստանի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են մեդալներով:

Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը պարգեւատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

Ոստիկանության մի շարք այլ աշխատակիցներ արժանացել են Արիության, Մարտական ծառայության եւ Մխիթար Հերացու մեդալների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG