Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում հիմնադրված կազմակերպությունը պաշտպանելու է Հայաստանի քաղաքացիների իրավունքները


Լոս Անջելեսում կիրակի օրը հիմնադրվեց «Հայ քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքների պաշտպանություն» ընկերակցությունը, որի նպատակն է պաշտպանել Հայաստանի քաղաքացիների իրավունքները:

Կազմակերպության ղեկավար Կարո Կարապետյանը երկար տարիներ Հայաստանում եղել է փաստաբան, դատ է բացել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, նաեւ «Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հիմքերը» վերնագրով գիրք է գրել, որը հրատարակվել է Հայաստանում:

Կարապետյանը ձերբակալվել էր Հայաստանում սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հրապարակելու մեղադրանքով, ապա` քաղաքական ապաստան գտել Միացյալ Նահանգներում:

Նորաստեղծ կազմակերպությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը համարում է առաջնային խնդիր եւ իր գործունեության հիմնական նշանակետը, քանի որ, Կարո Կարապետյանի խոսքերով, «եթե քաղաքացիները իրավաունակ չեն, ապա ոչ հասարակությունը կարող է զարգանալ, ոչ էլ պետությունը կարող է առաջընթաց ապրել»:

Նա վստահեցրեց, որ ընկերակցությունը մեծ ուշադրությամբ հետեւելու է հայաստանյան ընտրություններին` դա համարելով իր առաջին պարտականությունը, եւ նպատակ ունի «բոլոր միջոցներով» կասեցնել հնարավոր խախտումները:

«Եղած տեղեկատվությունը այսօր մեզ առիթ է տալիս մտածելու, որ խախտումները կարող են լինել մեծ ծավալների, որովհետեւ դրանք արդեն իսկ սկսվել են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց Կարո Կարապետյանը:

Ինչ վերաբերում է «բոլոր միջոցներով» պայքարելու` իրենց մտադրությանը, ապա կազմակերպության ղեկավարը պարզաբանեց. - «Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված միջոցներով, բնականաբար: Դրանք կարող են լինել հայտարարություններ, խնդրագրեր, կարող են լինել ցույցեր»:

«Կարո՞ղ է արդյոք դրսում գործող որեւէ կազմակերպություն պայքարել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար` սահմանադրորեն», - այս հարցին Կարապետյանը արձագանքեց. - «Կազմակերպության մեջ ներառված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եւ տարածքի փոփոխությամբ պայմանավորված` մեր երկրի ներքին կյանքին վերաբերող հարցերը մեզանից անբաժանելի են»:

«Հայ քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքների պաշտպանություն» ընկերակցության հիմնադիր ժողովը ընդունեց հայաստանյան գալիք ընտրությունների հետ կապված` Հայաստանի քաղաքացիների իրավունքները ճշտելու նպատակով Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսին պաշտոնապես դիմելու մասին որոշում:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG