Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայսի նախագահությամբ տեղի կունենա ժողովրդավարության առաջխաղացման կոմիտեի նիստը


Այսօր Վաշինգտոնում նախատեսված է արտասահմանում ժողովրդավարության առաջխաղացման կոմիտեի նիստը, որը վարելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարի նախաձեռնությամբ անցյալ տարի ստեղծված կոմիտեն խորհրդատվական լիազորություն ունի: Այն Պետդեպարտամենտին փորձագիտական աջակցություն է ցույց տալիս «արտաքին քաղաքականության մշակմանը եւ իրականացմանն առնչվող` ժողովրդավարության առաջխաղացման հարցերում»:

Կոմիտեի անդամներ են Միջազգային հանրապետական հաստատությունը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամը, Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամը, Փրինսթոնի, Ջորջթաունի, Հարվարդի եւ առաջատար այլ համալսարաններ:

Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գլխադասային հանձնաժողովը մարտի վերջին ընդունել է օրինագիծ, որը արտասահմանում ժողովրդավարության առաջխաղացումն անվանում է «Միացյալ Նահանգների պետական քաղաքականություն» եւ այդ նպատակով առաջիկա երկու տարվա համար հատկացնում է 110 միլիոն դոլար, որից 50 միլիոնը` 2008 թվականի, եւ 60 միլիոնը` 2009 թվականի ընթացքում:

0րինագծում նշվում է, որ Ամերիկան պետք է քաղաքական, տնտեսական եւ այլ աջակցություն տրամադրի այն երկրներին եւ ոչ կառավարական կազմակերպություններին ու շարժումներին, որոնք ձգտում են ժողովրդավարության:

Այդ նպատակով Պետդեպարտամենտում ստեղծվելու է հատուկ վարչություն:

«Ժողովրդավարության առաջխաղացման 2007 թվականի հռչակագիր» կոչվող օրինագիծը, որը այժմ քննարկվում է Կոնգրեսում, պետքարտուղարին կշնորհի ՄԱԿ-ում, ՆԱՏ0-ում եւ Եվրոպական միությունում գործող ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի զինված ուժերում «ժողովրդավարության առաջխաղացման համար պատասխանատու պաշտոնյաներ» նշանակելու իրավունք:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG