Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը «Իմպիչմենտ»-ը դաշինքը նախընտրական քարոզարշավը սկսեց Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքով, որը ավարտեցին Բաղրամյան պողոտայում` ծառերից կախված թողնելով դատարկ պլաստիկե շշեր:

Ազատության հրապարակում` հանրահավաքից ընդամենը մեկ ժամ առաջ էր ավարտվել Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած «Գարուն - 2007» միջոցառումը: Ի դեպ, միջոցառումը շարունակական է` մինչեւ մայիսի 15-ը:

Հանրահավաքում ելույթ ունեցողները հնչեցրեցին «Ռոբերտ Քոչարյանի եւ նրա համակարգի» իմպիչմենտի պահանջը` փաստարկելով, որ հայաստանյան իշխանությունների ոչ լեգիտիմությունն է «խնդիրներ առաջացնում երկրի ներսում եւ միջազգային ասպարեզում»:

Ազատության հրապարակից հավաքվածները, մոտ երկու տասնյակ ոստիկանների ուղեկցությամբ, շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց հանրահավաքի կազմակերպիչները, հիշեցնելով, որ 2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերը «իշխանությունները «Կոլցո» օպերացիա իրականացնելով բռնությամբ ճնշեցին ընդդիմության բողոքի հզոր ակցիան», հայտարարեցին, որ դրա կրկնությունն այլեւս թույլ չեն տա:

2004 թվականին ՀԺԿ անդամ Էդգար Առաքելյանը դատապարտվել էր դատարկ պլաստիկե շշով ոստիկանին հարվածելու համար:

Կարճատեւ ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցները, որպես օրվա խորհրդանիշ, դատարկ պլաստիկե շշեր կախեցին ծառերից ու հեռացան:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG