Մատչելիության հղումներ

Նողաիդելի. «ՆԱՏՕ-ին անդամակցության հրավերը ակնկալում ենք 2008-ին»


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին ակնկալում է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրին միանալու հրավեր կստանա հաջորդ տարի: Այդ մասին նա հայտարարել է Վաշինգտոնում` ելույթ ունենալով «Կարնեգի» հիմնադրամում:

«Ներկայումս մենք ՆԱՏՕ-ի հետ ինտենսիվ երկխոսության փուլում ենք եւ ակնկալում ենք անցնել հաջորդ փուլին` դաշինքին անդամակցության գործողությունների ծրագրին», - ասել է Նողաիդելին: - «Հուսով ենք, Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրին անցնելու կհրավիրվի դաշինքի հաջորդ գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա 2008 թվականի ապրիլին»:

Վրաստանի վարչապետը ողջունել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի կողմից մի շարք երկրների, այդ թվում Վրաստանի եւ Ուկրաինայի` ՆԱՏՕ ընդունելությունը սատարող օրենքի ստորագրումը, որը նախատեսում է այդ երկրներին ֆինանսական միջոցների հատկացում, եւ դա գնահատել է «ՆԱՏՕ-ի անդամ դառնալու` Վրաստանի ձգտումների աջակցություն ամերիկյան կառավարության եւ Կոնգրեսի կողմից»:

Նողաիդելին չի բացառել Ռուսաստանի բացասական արձագանքը ՆԱՏՕ-ին իր երկրի հնարավոր անդամակցության առնչությամբ, սակայն ընդգծել է, թե «ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ փոխհարաբերությունների հարց է»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, արտահայտելով եվրոատլանտյան կառույցներին հետագա ինտեգրման ուղեգծին հետեւելու` Վրաստանի մտադրությունը, վարչապետը միաժամանակ հայտարարել է, որ իր երկիրը չի ակնկալում Եվրամիությանը անդամակցություն մոտ ժամանակներս:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը ավելի վաղ ձեռնպահ էր մնացել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հնարավոր ժամկետներ նշելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG