Մատչելիության հղումներ

Ախալքալակից Հայաստան ուղեւորվեց այս տարվա առաջին ավտոշարասյունը


Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանից այսօր Հայաստան է ուղեւորվել գույքով եւ տեխնիկայով բեռնված` այս տարվա առաջին ավտոշարասյունը: Ախալքալակում ռուսական ռազմակայանի հրամանատարության ներկայացուցիչը ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ 10 բեռնատարները գույքը եւ ավտոտեխնիկան կհասցնեն Գյումրի:

Ավտոշարասյունը Վրաստանից դուրս էր գալու դեռ հինգշաբթի օրը, սակայն մեկնումը հետաձգվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Երկրորդ ավտոշարասյունը Ախալքալակից Հայաստան կուղեւորվի ապրիլի 19-ին, իսկ մինչեւ մայիսի վերջը եւս չորս ավտոշարասյուներ Գյումրի կտեղափոխեն ռազմակայանի գույքը եւ տեխնիկան:

Մայիսի 17-ին եւ 24-ին գույքի եւ տեխնիկայի մի մասը երկու երկաթուղային շարժակազմերով փոխադրվելու է Ռուսաստան:

Ռազմակայանի ողջ ծանր տեխնիկան եւ սպառազինությունը Վրաստանից դուրս է բերվել 2006 թվականին:

Ախալքալակից ռուս զինծառայողների դուրսբերման եւ օբյեկտների` Վրաստանին փոխանցման գործընթացը կավարտվի մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը:

Բաթումիի ռուսական ռազմակայանի տեխնիկայի եւ գույքի դուրսբերումը, որը սկսվել էր երկու տարի առաջ, կվերսկսվի առաջիկա ամսվա ընթացքում եւ կավարտվի հաջորդ տարի: Բաթումիի բազան պետք է փակվի մինչեւ 2008 թվականի հոկտեմբերի 1-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG