Մատչելիության հղումներ

Այսօր Անկարայի ռազմական ակադեմիայում ավանդական տարեկան ելույթով հանդես է գալու Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը: Դա կլինի նրա նախագահական վերջին ուղերձը, քանի որ առաջիկայում Սեզերն ազատելու է պաշտոնը:

Թուրքիայում նախագահին ընտրում է 550-տեղանոց խորհրդարանը՝ Ազգային մեծ ժողովը: Քվեարկությունը կարող է անցնել 4 փուլով: Ամենաուշը մայիսի 15-ին արդեն պետք է հայտնի լինի նոր նախագահի անունը: Նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարի է: Նույն անձը երկրորդ անգամ պաշտոնավարելու իրավունք չունի:

Երեկ մամուլի ասուլիսում ընտրությունների թեման քննարկել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետ, գեներալ 3աշար Բույուքանիթը, ով սովորաբար հազվադեպ է հանդիպում լրագրողների հետ:

«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ նախագահը պետք է հավատարիմ լինի աշխարհիկ հանրապետության սկզբունքին», - ասել է Բույուքանիթը եւ հավելել. - «Հուսով ենք, որ խորհրդարանը կընտրի նրան, ով ոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցելու իր հավատարմությունը աշխարհիկ եւ ժողովրդավարական պետության իդեալին»:

Այն հարցին, թե «կարո՞ղ է արդյոք ընտրվել մեկը, ով չի համապատասխանի այդ պահաջին», գեներալը կտրուկ արձագանքել է` «Ոչ», եւ հրաժարվել հետագա մեկնաբանություններից:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, այս օրերին Թուրքիայի քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկում են ներկայիս վարչապետ, նախկինում իսլամիստ Ռեջեփ Էրդողանի հնարավոր մասնակցությունը նախագահական ընտրություններին:

Այդ հեռանկարը մտահոգում է աշխարհիկ երկրի ջատագովներին, որոնց թվում են նաեւ բանակի բարձրաստիճան հրամանատարները: Նրանց համոզմամբ, Էրդողանի առաջնորդած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չի հրաժարվել Թուրքիայում իսլամիստական կառավարման տարրեր ներմուծելու գաղափարից:

Էրդողանը հավաստիացնում է, թե հրաժեշտ է տվել իսլամիստական անցյալին եւ հիմա դավանում է «պահպանողական դեմոկրատի» հայացքներ:

Խորհրդարանում նախագահության թեկնածուների առաջադրումը սկսվելու է գալիք երկուշաբթի օրը՝ ապրիլի 16-ին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG