Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում հավաքում են իրենց աշխատակիցների վերաբերյալ տվյալները: Ըստ թերթի, հիմնարկությունների ղեկավարները մարդկանց անձնական քարտերից ճշտում են հասցեները, իսկ հետո էլ մարդկանց տալիս են համապատասխան ցուցումներ, թե մայիսի 12-ին ում օգտին են քվեարկելու:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. - «Երբ Հակոբ Հակոբյանը [Ճոյտը] քվեաթերթիկների դափոնը ծոցում մտնում էր ընտրատեղամաս եւ դրանք լկտիաբար լցոնում էր Ռոբերտ Քոչարյանի օգտին, արդյոք նա քաղաքական գործունեությա՞մբ էր զբաղվում: Ոչ, նա պայքարում էր հանուն իր անպատժելիության` որպեսզի կարողանա ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվել, իրեն դուր չեկած մարդկանց անարգել ծեծել եւ այլն: Ճիշտ այդպես էլ հիմա այն մարդիկ, որոնք նրա վրա կրակում են, այն դատարանը, որը հանուն գեներալ Սեյրանի հաղթանակի` իրեն չի գրանցում, նույնպես չափազանց հեռու են «դասական» քաղաքականությունից` նրանք էլ ունեն իրենց տնտեսական շահերը»:

«Իսկական իրավունք» թերթի մեկնաբանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակների պայթեցման փաստին, գնահատել է. - «Նախկին հանցագործությունների փորձը հաշվի առնելով՝ պարզ է, որ այս դեպքը դասվելու է նախկին մի շարք չբացահայտված հանցագործությունների թվին։ Ու որքան այս իշխանությունների օրակարգում ավելանում է քաղաքական հանցագործությունների թիվը, այնքան իրավապահ մարմինների հաշվետվությունները «ռոմանտիկ» են դառնում... Սակայն, այլեւս անհերքելի իրողություն է, որ իրավիճակն անվերահսկելի է դարձել ու հանցագործությունների հեղինակներն ու անմիջական իրագործողներն առավել լայն թափ են առնում ինքնադրսեւորվելու նպաստավոր պայմաններից օգտվելով»։

Պնդելով, որ «շրջայցային-միտինգային քարոզչության հնարավորությունները սահմանափակ են»` «Հայոց Աշխարհ» թերթի վերլուծաբանն այսօր հիմնավորել է. - «Ընտրողների մեծամասնությունը կողմնորոշվում է՝ ելնելով ոչ թե իր լսած բոցաշունչ ճառերի բովանդակությունից, այլ այն կոնկրետ հեռանկարի հաշվառումից, որն իր առջեւ կարող է բացել այս կամ այն ուժի հաղթանակը։ Նման հեռանկարները հնարավոր չէ «մատուցել» գեղեցիկ ելույթների միջոցով եւ դրա համար անհրաժեշտ է ավելի երկարատեւ ու համբերատար աշխատանք... Իսկ ընտրողների մնացած մասը կա՛մ կաշառվում է՝ 5 հազար դրամը նախընտրելով 5 հազար խոստումից, կա՛մ էլ ընդհանրապես չի մասնակցում ընտրություններին»։

«Հայկական ժամանակ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ իշխանության վերնախավում կայացված որոշման համաձայն, պաշտպանության նախարարի առայժմ թափուր պաշտոնը, այնուամենայնիվ, Դաշնակցությանը չի հանձնվի: «Սրանով, ըստ էության, հաստատվում են այն կանխատեսումները, որ պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակվի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ներկայիս հրամանատար Սեյրան Օհանյանը», - գրել է թերթն ու հավելել. - «Իսկ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, որին ՀՅԴ-ն համարում էր պաշտպանության նախարարի ամենաարժանի թեկնածուն, այս պահին մնում է խաղից դուրս վիճակում»:

«Ազգային միաբանություն» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները «Իրավունք»-ին փոխանցել են, թե Արտաշես Գեղամյանը նախընտրական քարոզարշավն իրականացնելու նպատակով ֆինանսական աջակցություն է ստացել. - «Այդ մասին են վկայում եւ նոր գրասենյակների բացման փաստերը։ Քանի որ Արտաշես Գեղամյանի առջեւ փակ են դրսից ֆինանսական աջակցություն ստանալու ուղիները, ապա, ինչպես պնդում են իրազեկները, նրան տրամադրված օգնությունը կատարվել է ներսի ռեսուրսների հաշվին»:

«Լոռու մարզի մի քանի գյուղապետերի ընտրության ժամանակ կրած խայտառակ պարտությունից հետո Հանրապետականն ու իր մարզպետ Արամ Քոչարյանը շատ ուսանելի հետեւություն են արել», գրել է այսօր «Ժամանակ-Երեւան» թերթն ու մանրամասնել. - «Նրանք ոստիկանության, մարզպետարանի, տարբեր այլ լծակների միջոցով ստիպում են, որ մյուս բոլոր թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը, որ Հանրապետականի ներկայացուցիչն այլընտրանք չունենա։ Այս աշխատաոճն այնպիսի դժգոհություն է առաջացրել Լոռու մարզում, որ ըստ տեղի բնակչության՝ այժմ Հանրապետականի ռեյտինգը խիստ ընկել է»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG