Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավը սկսեց հանրահավաքով


Հայաստանյան ընդդիմության թերեւս ամենաարմատական ուժը` նախկին վարչապետ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը հինգշաբթի օրը սկսեց մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում` հանրահավաքով:

Կուսակցությունը ընտրությունների է գնում միանշանակորեն հաղթելու պատրաստակամությամբ. հանրահավաքի բանախոսները շեշտում էին. - «Մեր ստացած յուրաքանչյուր ձայնի վրա գրելու ենք «Ռոբերտ, հեռացիր» կարգախոսը»: Իսկ եթե օրինականությունը «քվեատուփերով չհաստատվի` ժողովրդական ընդվզում է լինելու»:

«Ես ձեզանից մեկն եմ, ժողովո'ւրդ: Մեր փոխարեն ոչ Արեւելք, ոչ Արեւմուտք չի անելու, ժողովո'ւրդ», - դիմելով հավաքվածներին` ասաց Արամ Սարգսյանը: - «Սա մեր երկիրն է, ժողովո'ւրդ: Սրա տերը մենք ենք, ժողովո'ւրդ»:

Կուսակցություն ղեկավարները հայտարարեցին, թե իրենց համար խորհրդարանական մանդատը «ժողովրդին իշխանությունը վերադարձնելու նպատակ ունի»:

«Ասում են` ընդդիմությունը ծրագիր չունի: Սուտ են ասում», - իր ելույթում ասաց «Հանրապետության» ղեկավար անդամ, մայրաքաղաքի նախկին ոստիկանապետ եւ քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը: - «Բայց ծրագրային դրույթները հրապարակ հանելուց առաջ այլ խնդիր ունենք... Ամենապայծառ գաղափարը սեփական երկրին տեր դառնալն է, ինչը կարելի է միայն իրականացնել այս հանցագործ ռեժիմը երկրից հեռացնելով»:

Հնչեցվեց նաեւ կուսակցության համոզմունքը, թե Հայաստանում «էվոլյուցիոն զարգացում չի կարող լինել», «Հայաստանում իրավիճակը միայն դեմոկրատական հեղափոխությունը կարող է փոխել»:

Հանրահավաքի իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհդի անդամ Գեղամ Հարությունյանը հայաստանյան քաղաքական ուժերը բաժանեց երեք խմբի` իշխանական, իշխանամերձ (ներառյալ որոշ «սուտ ընդդիմադիրները») եւ իրական ընդդիմադիր: Այս վերջիններս «հինգ տոկոս ստանալով երբեք չեն բավարարվի», չեն ուզի «իշխանական դրախտում մի անկյուն էլ իրենք փախցնեն», եւ միայն սրանք կարող են փոխել «իրավիճակը երկրում»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG