Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկյան դեսպանատունը օժանդակում է Հայկական Կարմիր խաչի ընկերության հակաականային աշխատանքներին


Չորեքշաբթի օրը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ կատարվել է ավելի քան 4 հազար դոլարի հանգանակություն, որը կօգնի Հայկական Կարմիր խաչի ընկերությանը հակաականային աշխատանքների իրականացման հարցում:

ԱՄՆ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին, շնորհակալություն հայտնելով միջոցառմանը ներկա գործարարներին` այս լուրջ խնդրի լուծման նպատակով կատարած ներդրման համար, մասնավորապես, ասել է. - «Միացյալ Նահանգների կառավարությունը հետամուտ է լինում ականների ու չպայթած զինամթերքի շարունակական վտանգի դեմ միջոցների ձեռնարկման աշխատանքներին: Այնուամենայնիվ, անելիք դեռ շատ կա` թե կառավարությունների, թե շահագրգիռ անձանց ու խմբերի համար»:

Դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, սա մեկն էր «Հազարավոր ճաշկերույթների երեկո» շարքի միջոցառումներից, որը 2001 թվականից ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ իրականացվում է տարբեր երկրներում:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տվյալներով, Հայաստանում թաղված ականների թիվը կազմում է 80-100 հազար: Դրանք վտանգ են ներկայացնում Հայաստանի 60 համայնքների համար: Այդ վտանգը կա Հայաստանի 11 մարզերից 5-ում:

Վերջին տասնամյակի ընթացքում Միացյալ Նահանգները եղել է ականային հակազդեցության աշխատանքների խոշորագույն դոնորն աշխարհում ու տրամադրել է շուրջ 1 միլիարդ դոլար` աշխարհի մոտ 50 երկրներում հակաականային աշխատանքների իրականացման համար:

2002 թվականից ի վեր Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել է ավելի քան 6,5 միլիոն դոլարի մարդասիրական հակաականային աջակցության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG