Մատչելիության հղումներ

Անցած գիշեր պայթյուններ են տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու գրասենյակներում` մայրաքաղաքի Քանաքեռ - Ջեյթուն համայնքի կենտրոնական շտաբի մուտքի մոտ եւ Ավանի Նարեկացի 39 հասցեի շենքի առաջին հարկում տեղակայված տարածքային կազմակերպության գրասենյակում:

«Մեծ շատրվաններ» ՍՊԸ-ի տարածքում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քանաքեռ-Զեյթուն համայնքի կենտրոնական շտաբի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ամբողջովին վնասվել են մուտքի դռների եւ պատուհանների ապակիները: Իսկ Ավանի Նարեկացի 39 հասցեի 16 հարկանի բնակելի շենքի առաջին հարկում գտնվող խանութի սենյակներից մեկում տեղակայված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասվել են խանութի եւ գրասենյակի սրահները, բնակելի շենքի որոշ բնակարանների ապակիները:

Հայաստանի գլխավոր դատախազության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, դեպքերի առթիվ ոստիկանության Քանաքեռ - Զեյթունի եւ Նոր Նորքի քննչական բաժիններում հարուցվել են քրեական գործեր:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը, կուսակցության խորհրդի նիստը ընդունել է պայթյունները դատապարտող հայտարարություն:

Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց, որ Ռոբերտ Քոչարյանին զեկուցվել է տեղի ունեցածի մասին. - «Նախագահը հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հնարավորինս սեղմ ժամկետներում հանցագործությունը բացահայտելու, նաեւ առաջիկայում նման դրսեւորումները կանխելու համար»:

«Երկրում ստեղծված են բոլոր պայմանները քաղաքակիրթ քաղաքական պայքար ծավալելու համար», - շարունակեց Սողոմոնյանը: - «Խստիվ դատապարտելով այս հանցագործությունները, գնահատում ենք այն որպես իրավիճակը ապակայունացնելու, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու փորձ: Ծայրահեղականության դրսեւորումները չեն կարող խաթարել Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու վճռականությունը»:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու գրասենյակների մոտ իրականացված պայթյունները. - «Այդ ստոր քայլերն ուղղված են հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի, մեր երկրի ու մեր ժողովրդի ապագայի դեմ։ Նման միջոցների են դիմում նրանք, ովքեր ընդունակ չեն ազնիվ ու արդար քաղաքական պայքարի եւ պատրաստ են ապակայունացնել իրավիճակը երկրում՝ խտրականություն չդնելով միջոցների միջեւ։ Հայաստանում երբեք նման գործելակերպը հաջողություն չի ունեցել եւ չի ունենալու»։

«Մենք կոչ ենք անում երկրի քաղաքական ուժերին՝ չենթարկվել թափթփուկների ու քրեական խմբերի սադրանքներին, օգտագործել համագործակցության ամեն մի հնարավորություն՝ հանուն առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու», - ասված է հայտարարությունում։ - «Մենք դիմում ենք նաեւ իրավապահ մարմիններին՝ երկրի համար բախտորոշ այս ժամանակաշրջանում զգոնությունը մեծացնելու, երկրում իրավիճակն ապակայունացնելուն ուղղված փորձերը խափանելու, հայրենիք եւ ազգություն չունեցող քրեական հանցագործներին արագորեն բացահայտելու եւ խստագույնս պատժելու կոչով»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը «խստորեն դատապարտում է կուսակցության դեմ իրագործված այդ անմարդկային արարքը, որը կարող էր հանգեցնել բազմաթիվ մարդկային զոհերի»:

Ոճրագործությունը կուսակցությանը քաղխորհրդի համոզմամբ, «ուղղված է ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի», այլ ամբողջ երկրի դեմ»:

«Կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում ծայրահեղական մոտեցումները քաղաքական դաշտում: Մենք այսօր էլ բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում ծավալել բացառապես քաղաքակիրթ պայքար, այնպես, ինչպես հարիր է ժողովրդավարական երկրի քաղաքական ուժերին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իր ընտրած ճանապարհից շեղելու, շարքերում վախ սերմանելու բոլոր, այդ թվում` նման ծայրահեղական փորձերը դատապարտված են ձախողման», - ասված է հայտարարությունում: - «Մեր շարքերը կուռ են, եւ մենք լի ենք վճռականությամբ` շարունակել մեր քաղաքական պայքարը` հանուն մեր երկրի բարօրության եւ բարգավաճման»:

Միջադեպերը դատապարտել է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` քաղաքական ուժերին, ընտրությունների բոլոր մասնակցիներին կոչ անելով «զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող գործողություններից, ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն եւ աջակցել ժողովրդակավարական ընտրությունների անցկացմանը»:


Ռուզաննա Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG