Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ը, անդրադառնալով ընտրական գործընթացներին, ենթադրում է. - «Այս տարի կարծես նախընտրական սկանդալները գերազանցելու են մեր սպասելիքները: Եվ դրա հիմնական պատճառն այն է, որ անցյալում հակամարտությունն ընթանում էր ամեն ինչի պատրաստ իշխանության եւ քաղաքակիրթ ու օրինապաշտ ընդդիմության միջեւ, իսկ այժմ` հակամարտության սուբյեկտները երկուստեք ամեն ինչի պատրաստ իշխանական թեւերն են: Եւ իզուր է մարդկանց թվում, թե` եթե «սրանք իրար ուտեն», մեզ` այս երկրի քաղաքացիներիս համար լավ կլինի»: «Այդ «իրար ուտելու» պրոցեսը կարող է մեզ վրա շատ թանկ նստել», - եզրակացնում է թերթը:

Թափ առնող նախընտրական քարոզչությանն անդրադառնալով` «Ազգ» թերթի մեկնաբանն արձանագրել է. - «Նախընտրական քարոզարշավը խոստանում է զբաղեցնող եւ ուրախ լինել, որովհետեւ հանդիպումներին եւ էկրաններին են լինելու բոլորիս ծանոթ գործիչները: Թվում է` ասվածը պարադոքս է, քանի որ բոլորի խոսքի զինանոցին ծանոթ ենք: Բայց ոչ. հետաքրքրությունն էլ հենց այդ է, որ մեզ համար անծանոթ որեւէ որակ չունեցող մարդիկ ստիպված են հրաշքներ գործել, ամենաանհավանական խոստումները տալ, եւ կադրում կամ աչքի տեսադաշտում աճպարարի որակներ դրսեւորել: Իսկ դա պետք է որ զվարճալի լինի»։

«Ներկայիս խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունը պայքարի մեջ մտած կուսակցությունների ինչ-որ ֆանտաստիկ քանակում է», - գրել է այսօր «Հայոց Աշխարհ» թերթի գլխավոր խմբագիրն ու բացատրել. - «Ըստ էության, այստեղ ուրախանալու առանձնակի բան չկա, քանզի դա վկայում է ավելի շուտ երկրի շվարածության ու միմյանց հասկանալու` նրա քաղաքացիների անկարողության, քան ողջամտության ճոխ ներկապնակի մասին։ Թե ովքեր են ներգրավված այդ կուսակցությունների մեջ, ինչու, ինչի են ուզում հասնել այդ մարդիկ, բացարձակապես անհայտ է։ Ազգային ժողով մտնելու համար նրանց փողն ակնհայտորեն բավարար չէ, իսկ յուրաքանչյուր ընտրողի սրտի լարերին դիպչելու համար չեն բավականացնում հետաքրքիր, գրավիչ գաղափարները»։

«Առավոտ»-ի խմբագրականն էլ իր հերթին քարոզարշավի թեման արծարծելով` շեշտադրել է. - «Ակնհայտ է, որ այս ընտրարշավում երկու ճամբարների քաղաքական ուժերը հակված չեն լուրջ խնդիրներ քննարկել։ Նրանց միջեւ երկխոսությունն ընթանում է առանց մտքի սուր փայլատակումների՝ «Տվե՛ք մեզ իշխանությունը - Չե՛նք տա» ոճով։ Թե որ ուղղություններով Հայաստանում կարող է ընթանալ իսկական նախընտրական բանավեճը՝ արդեն բազմիցս գրել ենք. Ղարաբաղի հարց, հայ-ռուսական հարաբերություններ։ Այս ուղղություններով հիմնական քաղաքական ուժերը որեւէ այլընտրանքային առաջարկներ չեն անում»։

Անդրադառնալով մանդատի համար պայքարից զրկված Ազգային ժողովի պատգամավոր, էջմիածնեցի Հակոբ Հակոբյանի ոդիսականին` «Հայկական ժամանակ»-ը նկատել է. - «Հակոբ Հակոբյանը միակը չէ, ով քիթուբերանով մեր իրականությանը զմփալով՝ սկսում է ոռնալ։ Իսկ դրանից առաջ, երբ սուրն աջ էլ էր կտրում, ձախ էլ, նրա համար էս երկիրը լավ էլ երկիր էր, որովհետեւ իրեն ամեն ինչ թույլատրված էր, իրեն ամեն ինչ կարելի էր... Ընդհանրապես, Հակոբ Հակոբյանը մեղավոր չէ, որովհետեւ նա ստեղծված իրավիճակին արձագանքում է այնպես, ինչպես կարձագանքեր ՀՀ յուրաքանչյուր միջին քաղաքացին։ Իսկ ՀՀ միջին քաղաքացին թքած ունի բոլորի եւ ամեն ինչի վրա, մատը մատին չի տա անարդարության դեմ պայքարելու, հալածվողի եւ անարդարությանը զոհ գնացողի կողքին կանգնելու համար։ Բայց որ իր կողքով անցնեն, մի այնպիսի հիստերիա կդնի, որից կարելի է ուղղակի ցնորվել»։

Թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, երեւանցի Հակոբ Հակոբյանը, ում հայցադիմումի հետեւանքով ընտրապայքարից դուրս մղվեց էջմիածինցի Հակոբ Հակոբյանը, «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում չի բացառել, թե նույն բախտին կարող է արժանանալ նաեւ մյուս թեկնածու Սեյրան Սարոյանը` եթե հանկարծ իր նախաձեռնող խմբի անդամները նրա փաստաթղթերում էլ կեղծիքներ հայտնաբերեն: Հակոբյանը թերթին նաեւ տեղեկացրել է, որ այժմ իր շտաբի անդամները զբաղված են իր միակ մրցակից Սեյրան Սարոյանի փաստաթղթերի ուսումնասիրությամբ եւ, եթե հանկարծ նման կեղծիքներ գտնեն, ապա ինքը, անկասկած, դիմելու է դատարան:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG