Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների մասին հաղորդումների օպերատիվ քննարկման համար գլխավոր դատախազությունում աշխատանքային խմբեր են ստեղծվել


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով, Ազգային ժողովի մայիսի 12-ին ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներն օպերատիվ կերպով քննարկելու համար գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության, ինչպես նաեւ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություններում ստեղծվել են աշխատանքային խմբեր:

Համաձայն հրամանի, որը հրապարակված է գլխավոր դատախազության կայքէջում, աշխատանքային խմբերի ստեղծման նպատակն է համակարգել ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված նյութերի ընդունման, գրանցման, քննարկման աշխատանքները, այդ ոլորտում ապահովել անհրաժեշտ օպերատիվություն եւ միասնական պրակտիկա:

Աշխատանքային խմբերից մեկը ղեկավարում է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Գեւորգ Հարությունյանը, երկրորդը` գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետի տեղակալ Բագրատ Աղայանը:

Գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժնի պետ Գուրգեն Ամբարյանին եւ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանին հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել զանգվածային լրատվության միջոցներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ նյութերը եւ դրանց մասին անմիջապես իրազեկել հիշյալ խմբերին` սահմանված կարգով դրանք քննարկելու եւ արդյունքների մասին համապատասխան լրատվյամիջոցներին հաղորդումներ ուղարկելու համար:

Հրամանի կատարման վերահսկողությունը գլխավոր դատախազը վերցրել է իր վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG