Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստ կոչելը թյուրըմբռման հետեւանք էր»


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի «ֆորպոստ» լինելու մասին արտահայտությունը թյուրըմբռնման հետեւանք էր եւ դարձել էր «անտեղի շահարկումների առարկա»:

«Ես կարծում եմ, որ տեղ գտած այդ արտահայտությունը պարզապես ցավալի թյուրիմացություն էր», - Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում ասաց Սարգսյանը: - «Պարզապես ոմանց ձեռնտու էր շահարկել դա»:

«Դա շահարկումների արդյունք է», - շարունակեց վարչապետը: - «Ես վստահ եմ, որ մարդը, ով ասել է այդ բառը, ցանկացել է լավ բան ասի, այդ պարագայում լեզվին դա է եկել»:

«Ես համարում եմ, որ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է», - ասուլիսում հայտարարեց Սերգեյ Իվանովը` հավելելով, թե դա «չի չափվում միայն ռազմաքաղաքական հարաբերություններով»:

Խոսելով Հայաստանում ռուսաստանյան ռազմական ներկայության մասին` Իվանովը ասաց, որ դա բխում է ե’ւ Հայաստանի, ե’ւ Ռուսաստանի շահերից, եւ ծառայում է «երկու երկրների անվտանգության ապահովմանը»:

Ինչպես Ռուսաստանի փոխվարչապետը, այնպես էլ Հայաստանի վարչապետը երկկողմ տնտեսական հարաբերությունները գնահատեցին «դինամիկ զարգացող»:

Ասուլիսին նախորդած զրույցի ընթացքում, ինչպես տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, քննարկվել են «էներգետիկայի, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի, կապի, տրանսպորտի, ռազմատեխնիկական եւ մի շարք այլ բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր»:

Սերգեյ Իվանովի գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Կողմերը որպես հայ-ռուսական գործընկերության դինամիկ զարգացման արդյունք են գնահատել փաստը, որ ռուսական կապիտալը գնալով ընդլայնում է ներկայությունը Հայաստանում, մեծանում է նաեւ ապրանքաշրջանառության ծավալը», - հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը: - «Խոսվել է նաեւ ՌԴ կառավարմանը հանձնված հայկական ձեռնարկությունների գործարկմանը, տրանսպորտային հաղորդակցությանն ու տարածաշրջանային համագործակցությանն առնչվող խնդիրների մասին»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG