Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցությունը տոնական տրամադրությամբ է սկսում քարոզարշավը


Նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի «ժառանգություն» կուսակցությունը երեքշաբթի օրը տոնական տրամադրությամբ ազդարարեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի սկիզբը: Նախընտրական ծրագրային դրույթների ներկայացմանը, քաղաքական ելույթներին հետեւեց Armenian Navy Band խմբի ու Արտո Թունջբոյաջյանի համերգը:

Ներկա էին կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր 51 թեկնածուները:

Խոսելով նախընտրական ծրագրային դրույթների մասին` Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Առաջինը կասեի` իրավունքի իշխանություն: Այո, օրենքը Հայաստանի Հանրապետությունում եւ ցանկացած ժողովրդավարական երկրում պիտի կիրառվի հավասարապես բոլորին: Բայց մենք պնդում ենք, որ նույնքան կարեւոր է իրավունքի իշխանությունը, որ յուրաքանչյուր հայ քաղաքացի լիազորված լինի իրավունքի ուժով եւ կարողանա այդ իրավունքով ոչ միայն մարդուն արժանավայել կյանք ապրի, այլ նաեւ` իր հացի խնդիրը լուծի»:

Նախընտրական ծրագրում կուսակցությունը խոստանում է «ազատ խոսք», «ազատ մարդ», «ազատ երկիր», «օրինականության հաստատում», «պայքար կոռուպցիայի դեմ», «սոցիալական արդարության հաստատում», «աղքատության հաղթահարում» եւ այլն:

«Ժառանգություն» կուսակցությունը խոստանում է նաեւ 150 հազար աշխատատեղի ստեղծում, օտարերկրյա ներդրումների ավելացում:

Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ առաջիկա ընտրություններում իրենց հաղթահարելու են սահմանված շեմը: Ավելին` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ասաց. - «Ընտրական հավասար պայմաններում, իմ կարծիքով, վաստակելու է [կուսակցությունը] բացարձակ մեծամասնություն, իսկ առկա անհավասար պայմաններում` հարաբերական մեծամասնությունը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG