Մատչելիության հղումներ

Արտասահմանցի եւ հայ երիտասարդները՝ հանուն հանդուրժողականության


«Ես ցանկանում էի մասնակցել այս ծրագրին, քանի որ կարծում եմ` հանդուրժողականությունն այլ մշակույթների նկատմամբ շատ կարեւոր է: Այսօր աշխարհում բազմաթիվ պատերազմներ են տեղի ունենում: Իմ կարծիքով՝ նման ծրագրերը խրախուսում են խաղաղությունը: Շատ կարեւոր է այլ ազգերի մշակույթին ծանոթ լինելը», - ասում է Ռեջելը:

Ռեջելը Հայաստան է ժամանել ապրիլի 7-ին՝ մայրության եւ գեղեկցության օրը: Հաջորդ օրը Զատիկն էր:

«Մինչեւ Հայաստան գալը ես միայն գիտեի, որ այն նախկին խորհրդային պետություն է, առաջինն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հենց առաջին օրը ես բազմաթիվ պատմական հուշարձաններ այցելեցի: Շատ հետաքրքիր է, որ Հայաստանում հավկիթները ներկում ու զարդարում են: Հետաքրքիր էր նաեւ այն, որ տեղի երեխաները հավկիթների մրցումներ են անցկացնում. պարտվողը ստիպված է կոտրված հավկիթը հաղթողին հանձնել», - զարմանում է Ռեջելը:

«Այսեք» կազմակերպության նախագահ Սոնա Հովհաննիսյանն ասում է, որ «Երիտասարդությունը հանուն հանդուրժողականության» ծրագրի նպատակը հայ երիտասարդների շրջանում արտասահմանցիների նկատամբ ստերեոտիպերի վերացումն է. - «Հատուկ ընտրել ենք մասնակիցներ Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Հնդկաստանից, Աֆղանստանից եւ Միջին Ասիայի այլ երկրներից, որովհետեւ այնտեղի մշակույթի մասին մեզ քիչ բան է հայտնի: Այս ծրագրի միջոցով նաեւ ցանկանում ենք, որ տեղի երիտասարդությունը ծանոթանա այլ երկրների մշակույթներին»:

Շուրջ մեկ տասնյակ երկրներից ժամանած երիտասարդները մասնակցել են կրթական եւ մշակութային տարբեր միջոցառումների: Արտասահմանցի կամավորները ծրագրեր են իրականացնելու նաեւ Հայաստանի մարզերի երիտասարդների համար:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG