Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը վերահաստատել է, որ դեմ է անօրինական ներգաղթյալների համաներմանը, որոնց թիվը Միացյալ Նահանգներում հասնում է շուրջ 12 միլիոնի:

Երկուշաբթի օրը Արիզոնա նահանգի Յումա քաղաքում ելույթ ունենալով սահմանային վերահսկողության եւ ներգաղթի հարցերի շուրջ` Բուշը ասել է, թե «ապօրինի կերպով մեր երկիր թափանցած մարդկանց նկատմամբ պետք չէ համաներում հայտարարել»:

«Ես դեմ եմ համաներմանը, ինչպես եւ, կարծում եմ, ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների մեծ մասը», - հայտարարել է նախագահը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Բուշը նաեւ կարծիք է հայտնել, թե ապօրինի կերպով ԱՄՆ մուտք գործած անձինք, «ովքեր արմատներ են ձգել մեր երկրում եւ ցանկանում են մնալ, պետք է էական պատիժ կրեն օրենքը խախտելու համար, հարկեր վճարեն, սովորեն անգլերեն եւ ցույց տան, որ տարիներ շարունակ աշխատել են»:

«Մարդկանց, ովքեր կկատարեն որոշակի թվով պայմանները եւ պատիժ կկրեն ժամանակով եւ փողով, պետք է քաղաքացիության հայտ ներկայացնելու հնարավորություն ընձեռել», - ասել է ԱՄՆ-ի նախագահը, միաժամանակ զգուշացնելով, թե այդ խմբի անձանց համար էլ իրենց խնդրանքի «ավտոմատ բավարարում չի լինելու, եւ նրանց հարկ կլինի հերթում սպասել»:

Նախագահը հերթական անգամ Կոնգրեսին կոչ է արել հնարավորինս արագ հավանություն տալ «համընդհանուր» ներգաղթային բարեփոխման` իր պատրաստած ծրագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG