Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանը վավերացրեց Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության համաձայնագիրը


Ադրբեջանի Միլի մեջլիսը այսօր վավերացրել է Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության համաձայնագիրը, ինչպես նաեւ «Տարածաշրջանային համագործակցության ընդհանուր տեսլականի մասին» թբիլիսյան հուշագիրը:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ, ներկայացնելով փաստաթղթերը` խորհրդարանի փոխնախագահ Վալեհ Ալեսքերովը հայտարարել է, թե «Բաքու - Թբիլիսի - Կարս նախագիծը տարածաշրջանի համար պակաս նշանակություն չունի, քան Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը եւ Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազամուղը»:

«Եթե 10 տարի առաջ որեւէ երկրի խորհրդարան հանդես գար մեր իրականացնելիք նախագծի դեմ, մենք կվախենայինք: Սակայն մեր երկրի զարգացումը հնարավորություն է տալիս իրականացնել նախագիծը` անկախ դրա նկատմամբ այլ երկրների վերաբերմունքից», - ասել է Ալեսքերովը` նկատի ունենալով Միացյալ Նահանգների Կոնգրեսի որոշումը, որով արգելվում է այս նախագծի ֆինանսավորումը ամերիկյան պետության կողմից:

Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու կառուցման համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա փետրվարի 7-ին Թբիլիսիում` Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 105 կիլոմետր երկարությամբ նոր երկաթուղի, որից 76 կիլոմետրը` Վրաստանի, 29-ը` Թուրքիայի տարածքում, ինչպես նաեւ իրականացնել Թբիլիսի - Բաքու երկաթուղու վերանորոգման աշխատանքներ:

Երկաթուղային նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 422 միլիոն դոլար: Թուրքիան ֆինանսավորելու է իր տարածքով անցնող հատվածի շինարարությունը, իսկ Վրաստանը իր հատվածի շինարարության համար Ադրբեջանից 200 միլիոն դոլար վարկ է ստանալու` 25 տարի մարման ժամկետով:

Նախագծի իրականացման նպատակով Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը արդեն իսկ 50 միլիոն մանաթ (58 միլիոն դոլար) է հատկացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG